Գյումրիում թոշակառուները դժգոհում են, որ չեն ստացել նախորդ ամսվա` մարտի  թոշակները: «Երեւանում ամսի 1-ին, 2-ին նախորդ ամսվա թոշակները վճարում են, իսկ մեզ մոտ միշտ են ուշացնում»,- NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է 72-ամյա գյումրեցի թոշակառու Տանյա Ղազարյանը`շարունակելով. «Ռադիոյով, հեռուստատեսությամբ լսում ենք`ասում են թոշակները տվել են, գնում ենք փոստ, ասում են դա Երեւանի համար է: Ինչպե՞ս հասկանանք, մի հանրապետությունում ենք ապրում, տարբերությունը ո՞րն է, որ մեզ մոտ միշտ ուշացնում են»:

«Հայփոստից տեղեկացրել էին, որ  կենսաթոշակները Երեւանում կսկսեն վճարվել ապրիլի 2-ից: Դրանից հետո վճարումներ կկատարվեն նաեւ մարզերում: Իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ բյուջեի սոցիալական ուղղվածության ծախսերը առկա ճգնաժամի պայմաններում չեն կրճատվելու. ընտանեկան նպաստները, թոշակները վճարվելու են ճիշտ ժամանակին` առանց ուշացումների:  Ինչո՞վ է պայմանավորված կենսաթոշակների ուշացումը»,-արդեն քանի օր այսկերպ իրենց դժգոհությունն են արտահայտել գյումրեցի թոշակառուները:

«Տեսնես ինչ են անում, մեր գումարները, ո՞վ ինչպես է ֆռռացնում, ի՞նչ շահույթներ են ստանում, իսկ մենք պարտքով ենք հաց գնում կրպակից», -ասել է թոշակառու Դանիել Դարբինյանը:

Նշենք որ Գյումրիի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը մեզ փոխանցել է, որ դեռեւս ապրիլի 3-ին իրենք ցուցակները ուղարկել են փոստային բաժանմունքներ: «Հայփոստ»-ի  Գյումրիի մասնաճյուղից էլ հայտնել են, որ գումարները դեռեւս չեն փոխանցվել, հնարավոր է, որ թոշակները վճարվեն մի քանի օրից: