Ճապոնիայում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի դրենաժային համակարգից ապրիլի 6-ին վերցված ջրի փորձանմուշներում ռադիոակտիվ յոդ-131-ի պարունակությունը նորման գերազանցում է 140 հազար անգամ, ինչը նշանակում է, որ ապրիլի 2-ի համեմատ ռադիոակտիվության զգալի նվազում կա, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը` վկայակոչելով TEPCO ընկերությանը:
Ապրիլի 2-ին յոդի պարունակությունը թույլատրելի նորման գերազանցում էր 7,5 միլիոն անգամ:
Ապրիլի 6-ին մասնագետներին հաջողվել էր դադարեցնել աղտոտված ջրի արտահոսքը:
Երկուշաբթի TEPCO-ն սկսել է Խաղաղ օվկիանոսը լցնել 11,5 հազար տոննա ցածր ռադիոակտիվության ջուրը, որպեսզի ազատված պահեստարաններն օգտագործի ավելի բարձր ռադիոակտիվության ջուր լցնելու համար: Ընկերությունը հայտարարել է, թե ստեղծված պայմաններում դա միակ որոշումն էր:




























