2011 թ. նվազել են արտերկրից ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցվող գումարները:  Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի փետրվարի տեղեկագրից:

Այսպես` 2011 թ. հունվար-փետրվարին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 82.5 մլն դոլար` նախորդ տարվա 119 մլն դոլարի համեմատ:  Նվազումը կազմում է 30.6 տոկոս:

Տրանսֆերտները նվազել են համարյա բոլոր երկրներից, սակայն առավել զգալի է Ռուսաստանից փոխանցվող գումարների նվազումը: Եթե 2010 թ. հունվար-փետրվարին այդ երկրից Հայաստան մուտք էր եղել մոտ 90 մլն դոլարի տրանսֆերտը, ապա այս տարվա 2 ամսում` մոտ 64 մլն դոլար:

Տրանսֆերտների նման էական նվազման պատճառը դեռ պարզ չէ: Սովորաբար տրանսֆերտները ավելանում են նավթի գների աճին զուգահեռ, քանի որ Ռուսաստանում աճում են եկամուտները; Սակայն այս տարի հունվարից սկսած նավթի գներն անընդհատ բարձրանում են, իսկ Հայաստան մտնող տրանսֆերտները` նվազում: Հավանաբար` տրանսֆերտների նվազումը պայմանավորված է Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացմամբ, թեեւ կրկնենք, մյուս բոլոր երկրներից նույնպես տրանսֆերտների կրճատում կա:

Օրինակ` ԱՄՆ-ից տրանսֆերտներն անցյալ տարի կազմել էին 8.4 մլն դոլար, այս տարի` 6.1 մլն դոլար:

Նվազել են նաեւ Հայաստանից արտասահման փոխանցվող գումարները; 2010 թ. հունվար-փետրվարին Հայաստանից ոչ առեւտրային նպատակով արտասահման էր փոխանցվել մոտ 27 մլն դոլար, այս տարի` 19.5 մլն դոլար: