Հայաստանում սահմանադրական վեճ է առաջացել այն հարցի շուրջ, թե արդյոք գործատուին պե՞տք է իրավունք վերապահվի թոշակի տարիքին հասած անձանց ազատել աշխատանքից: Բանավեճն այս անգամ ընթանում է ոչ թե ընդդիմության եւ իշխանության, այլ Ազգային Ժողովի իշխանական կոալիցիայի անդամ պատգամավորների եւ կառավարության միջեւ:

Նշենք, որ գործող աշխատանքային օրենսգրքով գործատուն իրավունք ունի լուծարել կենսաթոշակային տարիքի հասած անձի աշխատանքային պայմանագիրը, սակայն մի շարք պատգամավորներ` Գալուստ Սահակյանը, Գագիկ Մելիքյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Հերմինե Նաղդալյանը, Արտակ Դավթյանը, Կարինե Աճեմյանը, Մկրտիչ Մինասյանը (բոլորն էլ ՀՀԿ խմբակցությունից), ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստանից» Վարդան Բոստանջյանը պատրաստել են մի օրենսդրական նախաձեռնություն, որով արգելում են գործատուին աշխատանքային պայմանագիրը լուծարել թոշակի տարիքի հասնելու հիմքով; Հատկանշական է, որ այս նախաձեռնությանը չի միացել ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, որին համարում են Աշխատանքային օրենսգրքի հեղինակներից մեկը:

Իսկ նախաձեռնության հեղինակ պատգամավորները պնդում են, որ Աշխատանքային օրենսգրքի այդ դրույթը հակասում է Սահմանադրությանը, որով երաշխավորվում է տարիքային խտրականության արգելումը:

Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ Սահմանադրական դատարանը նույնպես պաշտպանում է պատգամավորներին, ու արդեն մեկ անգամ արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: ՀՀ սահմանադրական դատարանը 2009թ. փետրվարի 24-ի որոշմամբ արձանագրել է, որ կենսաթոշակային տարիքի հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման հարցում օրենսդիրը դրսեւորել է իմպերատիվ (հրամայական) մոտեցում` բացառելով անձի աշխատունակության (աշխատանքային պիտանիության) գնահատման որեւէ գործոնի կիրառման հնարավորություն: Հետեւաբար, Սահմանադրական դատարանում եզրակացրել են, որ Աշխատանքային օրենսգրքի այդ դրույթը խտրական է եւ սահմանափակում է անձի` աշխատանքի ընտրության ազատությունը:

Այնուամենայնիվ` կառավարությունը չի պատրաստվում «զենքերը վայր դնել»: Կառավարությունն ապրիլի 7-ին արդեն իսկ հաստատել է մի որոշում, որով բացասական եզրակացություն է տվել պատգամավորների օրենսդրական առաջարկությանը: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարանին`Աշխատանքային օրենսգրքի սույն հոդվածի սահմանադրականությունը որոշելու նպատակով:

Կառավարության հիմնական փաստարկը հետեւյալն է` եթե գործատուին արգելվի կենսաթոշակի հասած անձանց ազատել աշխատանքից, ապա գործատուներն այլ ուղիներ կփնտրեն դա անելու համար: Մասնավորապես` կսկսեն կնքել ժամանակավոր պայմանագրեր եւ պարբերաբար երկարաձգել դրանք, ինչն անհարմար վիճակ կստեղծի աշխատողի համար, եւ կարող է ձեւավորել անբարենպաստ միջավայր` երկարաժամկետ ծրագրեր կազմելու տեսակետից: Այս տեսակետն արտահայտեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը` կառավարության նիստի ժամանակ: Նա նույնիսկ նկատեց, որ կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր ունեցոողներին բանկերը կհրաժարվեն հիփոթեքային վարկ հատկացնել:

Թե ինչով կավարտվի այս վեճը` մեծապես կախված կլինի Սահմանադրական դատարանի որոշումից:

 

Սամվել Ավագյան