«Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շահառուները գոհ են պետության կողմից իրենց առաջարկվող հիփոթեքային պայմաններից, դրանց միջոցով ձեռք բերված նորակառույց բնակարանների շինարարության որակից եւ անհամբերությամբ սպասում են Երեւանի Ավան վարչական շրջանում հատուկ իրենց համար նախատեսված նորակառուցներ տեղափոխվելուն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասացին իրենք՝ երիտասարդ համալսարանականները։

Ինչպես նշեց ծրագրի շահառու, Երեւանի պետական համալսարանի գլխավոր հաշվապահ Ռաֆիկ Գրիգորյանը, նորակառույց շենքում 4 սենյականոց բնակարանն իրեն ընդամենը 19 մլն 700 հազար դրամ է արժեցել։ «Մինչ այժմ բնակվում էի ծնողներիս հետ, հետո վաճառեցինք հայրական տունը եւ որոշեցինք բնակարան ձեռք բերել երիտասարդ համալսարանականների համար նախատեսված այս համալիրում։ Նոր բնակարանի գումարը պետք է վճարվի փուլային  տարբերակով, ավելի կոնկրետ՝ 3 փուլերով։ Բանկային  հիփոթեքի միջոցով նախնական բոլոր վճարումներն արդեն իսկ կատարել եմ»,- պատմեց նա։

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի դասախոս Լիլիթ Հակոբյանն իր հերթին ասաց, որ առաջարկվող պայմաններին  ծանոթանալուց հետո որոշել է նորակառույց շենքում 3 սենյականոց բնակարան  ձեռք բերել; «4 հոգուց բաղկացած մեր ընտանիքը այսուհետ կբնակվի 72 ք/մ տարածք զբաղեցնող տանը, այն մեզ վրա 12 մլն 240 հազար դրամ է արժեցել»,- ասաց Հակոբյանը՝ տեղեկացնելով,որ ք/մ-ի արժեքը նորակառույց համալիրում 170 հազար դրամ է։

Հարցին՝ գո՞հ է շինարարության որակից, Լիլիթ Հակոբյանը նշեց, որ ավելի քան գոհ է։ Նա եւս տեղեկացրեց, որ նախնական բոլոր վճարումներն արված են, ընդ որում իրենց չեն ստիպել ֆիքսված կանխավճար թողնել, յուրաքանչյուր ընտանիք սկզբի համար վճարել է այնքան, որքան կարողացել է։ «Հուսով եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում կստանանք բնակարանի վկայանականը, կսկենք կահավորել այն  եւ վերջապես կտեղափոխվենք նոր բանակարան»,- ուրախությամբ նշեց ԵՊՀ դասախոսը։ 

Նշենք, որ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագիրն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների միավորման նախաձեռնությամբ եւ միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի օժանդակությամբ:  

Ծրագրի շահառու են համարվում մինչեւ 35 տարեկան (առանձնահատուկ դեպքերի համար հնարավոր են որոշակի շեղումներ ), ԵՊՀ-ում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ եւ գիտական աստիճան ունեցող, ամուսնացած եւ բնակարանի կարիք ունեցող անձինք: Պայմանագիրը ստորագրելուց հետո շահառուի հիմնական աշխատավայրը 7 տարի անընդմեջ պետք է լինի Երեւանի պետական համալսարանը: Այն խախտելու դեպքում նոր բնակարանատերը ԵՊՀ շրջանավարտների միավորմանը պետք է կնքված պայմանագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով լրավճար կատարի: