Երեքշաբթի Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր Վար դեր Բելենն անցկացրել է երկրի նոր կոալիցիոն կառավարության երդման արարողությունը, որի կազմում են Ավստրիական ժողովրդական կուսակցությունը (ԱԺԿ) եւ «Կանաչների» կուսակցությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱԺԿ առաջնորդ Սեբաստյան Կուրցը դարձել է Ավստրիայի կանցլերը, «Կանաչների» առաջնորդ Վերներ Կոգլերը՝ փոխկանցլերը, մշակույթի, արվեստի, պետական ծառայության եւ սպորտի հարցերի նախարարը:
Ավստրիայի ղեկավարը միաժամանակ պարտականությունների կատարումից ազատել է անցումային կառավարությանը՝ երկրի առաջին կին կանցլեր Բրիգիտե Բիրլյայնի ղեկավարությամբ: Անցումային կառավարությանը փոխարինելու է Ավստրիայի պատմության մեջ առաջին ԱԺԿ եւ «Կանաչների» մասնակցությամբ նախարարների կաբինետը:
Ավստրիայի կառավարությունը երկրի արդի պատմության մեծ մասի ընթացքում ձեւավորվում է երկու քաղաքական ուժերից՝ ըստ կոալիցիայում ավագ եւ կրտսեր գործընկերոջ սկզբունքի, որովհետեւ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո դեռեւս ոչ մի կուսակցության չի հաջողվել ընտրություններում ձայների ճնշող մեծամասնություն ստանալ՝ կառավարության միանձնյա կազմավորման համար:
Նոր կառավարությունում ներկայացված են 10 նախարարներ ԱԺԿ-ից, 4 նախարար՝ «Կանաչներից»:
Նախարարներից բացի, կառավարություն են մտել յուրաքանչյուր կուսակցությունից 2 պետքարտուղար:
Կուրցը երկրորդ անգամ զբաղեցրել է Ավստրիայի կանցլերի պաշտոնը: Այսպիսով՝ 33-ամյա ավստրիացին կրկին դարձել է Եվրամիությունում ամենաերիտասարդ ղեկավարը:
2017 թվականին 31-ամյա Կուրցն առաջին անգամ դարձել էր աշխարհում կառավարության ամենաերիտասարդ ղեկավարը: Մինչեւ դա, 2013 թվականին նա 27 տարեկանում դարձել էր Ավստրիայի պատմության մեջ ամենաերիտասարդ ԱԳ նախարարը: Հատկանշական է, որ Կուրցի բարձրագույն կրթությունն անվարտ է. նա մի քանի տարի առաջ քաղաքական կարիերայի նպատակով ընդհատել էր ուսումը Վիեննայի համալսարանում:
2019 թվականի մայիսին Կուրցի կառավարությունը հրաժարական էր տվել խորհրդարանի անվստահության քվեի պատճառով՝ նախկին փոխկանցլեր Հայնց-Քրիստինա Շտրախեի մասնակցությամբ «Իբիցա գեյթ» ներքաղաքական սկանդալի ֆոնին: 2019 թվականի դեկտեմբերից որոշ ժամանակով ամենաերիտասարդ եվրոպական վարչապետն էր դարձել Ֆինլանդիայում 34-ամյա Սաննա Մարինը:




























