Սաուդյան Արաբիայի եւ Բրազիլիայի երկու խոշոր տանկերային օպերատորներ դադարեցրել են Օրմուզի ջրանցքով նավթի տեղափոխումը՝ կապված ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում լարվածության սրման հետ, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Wall Street Journal-ին։

Թերթի տվյալներով՝ խոսքը սաուդյան Bahri ընկերության մասին է, որը հունվարի 8-ի առավոտյան հաճախորդներին խորհուրդ է տվել խուսափել Օրմուզի ջրանցքով տրանզիտից, երկրորդը բրազիլական պետական Petrobras ընկերությունն է։ Սրանից բացի, տանկերներով փոխադրումը դադարեցնելու հնարավորությունը դիտարկել է Saudi Aramco-ն, որի վերջնական որոշման մասին դեռեւս հայտնի չէ։

Թերթի տվյալներով՝ Օրմուզի ջրանցքով անցնում է աշխարհում նավթի տանկերային մատակարարումների մոտ 20 տոկոսը։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին բրիտանական ռազմանավերը Իրանի սպառնալիքներից հետո սկսեցին ուղեկցել Օրմուզի ջրանցքով անցնող առեւտրային նավերին։

Իրանի շուրջ իրավիճակը կտրուկ սրվել էր Բաղդադի օդանավակայանի շրջանում հունվարի լույս 3-ի գիշերը ԱՄՆ-ի հարվածներից հետո, որի հետեւանքով զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Ի պատասխան՝ հունվարի լույս 8-ի գիշերը Թեհրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Իրաքի երկու օբյեկտներին, որոնք օգտագործվում էին ամերիկյան զինվորականների կողմից։

Նույն օրը Թեհրանի Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ վթարի էր ենթարկվել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 ինքնաթիռը, որի մեջ 177 մարդ կար։ Նրանք բոլորը մահացել էին։