Աբխազիայի Անվտանգության խորհրդի նախագահ Մուհամեդ Կիլբան չի բացառել իրադարձությունների ուժային զարգացումը, հաղորդում է Սպուտնիկ Աբխազիան:
«Մեզ համար կարեւոր է, որպեսզի մարդիկ, որոնք այսօր հանցանք են գործել՝ գրավելով նախագահի վարչակազմի շենքն ու այն ներսից փլուզելով, չեն տուժել հատուկ միջոցառումների անցկացման ժամանակ: Մեր տվյալներով՝ շենքի ներսում գտնվում է 250-300 մարդ, սակայն գործող իշխանություններին սատարող մարդիկ ավելի շատ են: Ուժային կառույցների խնդիրն է արգելափակել շենքի մուտքը՝ բռնի ուժից խուսափելու համար»,- ասել է նա:
Նա հավելել է, որ ԱԽ-ին հայտնի է նախագահի պալատում կաբինետների կոտրման եւ զենքի պահման սենյակը բացելու մասին: Բանակցություններ են վարվում զենքը վերադարձնելու մասին: Հաջողվել է 5 միավոր հրազեն վերադարձնել:
Անդրադառնալով խոսակցություններին, թե գործող իշխանությունը մտադիր է ուժով դուրս բերել մարդկանց, Կիլբան ասել է, որ նման միջոցները բացառվում են:
Նրա խոսքով՝ նախագահը որոշում կընդունի, եւ նա պատասխանատու է ցանկացած գործողության համար:
Սուխումում բողոքի ակցիաներ են սկսվել երեկ՝ հունվարի 9-ին: Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականն ու նոր ընտրություններ: Մասնակիցները դժգոհություն են հայտնել երկրում տիրող հանցածին իրավիճակի եւ անցած տարի նոյեմբերին մայրաքաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետաքննության ընթացքի կապակցությամբ:
Ցուցարարները շարժվել են դեպի նախագահի նստավայր, որտեղ հարյուրավոր ցուցարարներ գրոհել են շենքը, կոտրել դռներն ու պատուհանները:
Դրանից հետո երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբան դիմել է քաղաքացիներին՝ կոչ անելով հանդարտվել եւ չտրվել սադրանքներին եւ խոստանելով անհրաժեշտության դեպքում արտակարգ դրություն հայտարարել:
Երեկոյան նախագահը հանդիպել է պատգամավորների խմբի հետ, որոնք նրան են փոխանցել ցուցարարների պահանջները: Ապա խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել եւ ընդունել որոշման նախագիծ, որով դիմել են Խաջիմբային՝ պետության ղեկավարի լիազորություններից վաղաժամ հրաժարվելու առաջարկով: Ի պատասխան՝ Խաջիմբայի մամուլի ծառայությունը հայտարարություն է արել, որւմ ասվում է, որ պատգամավորների նախագիծը կարող է միայն բարդացնել իրավիճակն ու անդառնալի հետեւանքների հանգեցնել:
Ցուցարարները շարունակում են նախագահի վարչակազմի շենքի գրոհումը: Նրանց մի մասը մինչեւ առավոտ մնացել է փողոցում: Ցուցարարներն իրենց համախոհներին կոչ են արել տեղափոխվել ակցիաների անցկացման վայր: Այժմ արգելափակված են խորհրդարանի, նախագահի վարչակազմի եւ նախարարների կաբինետի մուտքերը:




























