«Վալլեքս» խմբի ընկերությունները ապրիլի 16-ին Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հարակից տարածքում ուսանողական հերթական շրջայց-ծառատունկ են կազմակերպել:

 Ծառատունկին մասնակցել է ավելի քան 140 մարդ՝ բուհերի ուսանողներ, «Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության», «Լոռվա երիտասարդների միասնության» եւ հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ծառատունկն իրականացվել է շուրջ 1.5 հա մակերեսով՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից հատուկ այդ նպատակով ցանկապատված տարածքներում: Տնկվել է շուրջ 700 ծառ՝ 450 շագանակենի, 120 ընկուզենի, 70 սոճի եւ 60 լորենի:

Միջոցառման ավարտին քննարկում է կազմակերպվել: Մասնակիցներին հնարավորություն է տրվել ներկայացնելու Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ իրենց մտահոգող հարցերը, որոնց պատասխանել են «Վալլեքս» խմբի ընկերությունների  համապատասխան ներկայացուցիչները:

«Վալլեքս» խմբի կողմից կազմակերպվող ուսանողական ծառատունկերը իրականացվում են ի լրումն Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման հետեւանքով անտառային տնտեսությանը հասցվելիք վնասի փոխհատուցման` ՀՀ պետական կառավարման մարմինների հետ համաձայնեցված ծրագրով նախատեսված միջոցառումների:

Նշենք, որ «Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրի» համաձայն նախատեսվում է անտառապատման աշխատանքներ կատարել 714 հա մակերեսով տարածքներում։