Երեւանի եւ Սանկտ-Պետերբուրգի միջեւ քաղաքային տնտեսության ոլորտում գործակցության հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Մետելսկիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ռուսական պատվիրակությունը Երեւանում է գտնվում առաջին հայ-ռուսական Միջտարածաշրջանային ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարեւորելով տնտեսական եւ մշակութային կապերի զարգացումը Երեւանի քաղաքապետարանի եւ գործընկեր քաղաքների միջեւ, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ձեւավորված հարաբերությունները պետք է ավելի գործնական հիմքի վրա դրվեն եւ ունենան նկատելի արդյունքներ:
Քաղաքապետը նշել է, որ Երեւանը պատրաստ է ընդառաջել մայրաքաղաքի զարգացմանն առնչվող բոլոր այն առաջարկություններին եւ նախաձեռնություններին, որոնք ուղղված են քաղաքային տնտեսության կառավարման արդյունավետությանը եւ ենթակառուցվածքների զարգացմանը:
Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի եւ Սանկտ-պետերբուրգի կառավարության անունից ողջունելով քաղաքապետին, Իգոր Մետելսկին նշել է, որ Երեւանը ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն եւ վստահելի գործընկեր է եւ ռուսական կողմը կարեւորվում է Երեւանի հետ փոխգործակցության ընդլայնումը. «Քաղաքային զարգացման ծրագրերում Սանկտ-Պետերբուրգը մեծ փորձ ունի եւ այդ փորձի փոխանակումը կարող է հետաքրքիր լինել Երեւանի համար»,- նշել է նա:
Կողմերը քննարկել են նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ Սանկտ-Պետերբուրգի գործադիր մարմնի միջեւ 2011-2014թթ.-ի առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցության ծրագրին առնչվող հարցեր:





























