Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է ամենօրյա հսկողություն իրականացնել այգիներում, պուրակներում տիրող իրավիճակի նկատմամբ:

«Բոլոր վարձակալների համար մինչեւ ապրիլի վերջ ամեն օր շաբաթօրյակ պետք է լինի: Պուրակները պետք է բերեն պատշաճ վիճակի` խոտը հնձեն, ծառ տնկեն, ոռոգման ջուր անցկացնեն, մաքրեն, որտեղ սալահատակները վնասված են վերականգնեն: Հակառակ դեպքում` լուծարում եք պայմանագիրը»,- շեշտել է քաղաքապետը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկայացնելով անցած շաբաթ մայրաքաղաքում մեկնարկած ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում իրականացված մոնիտորինգի արդյունքները, զեկուցվել է, որ ավտոմեքենաների քանակի պակաս է զգացվել թիվ 53, 61, 69, 102, 109 եւ 118 միկրոավտոբուսային երթուղիներում:

Ավտոբուսային երթուղիներից` նախատեսվածից քիչ ավտոբուս է երթուղի դուրս բերվել թիվ 14, 16, 32 եւ 43 երթուղիներում, որոնք օրվա ուշ ժամերին նորմալ չեն սպասարկել բնակչությանը:

Երթակարգավարական կետերում գրանցման չեն ներկայացել թիվ 16, 93, 46, եւ 118 երթուղիները սպասարկող ավտոմեքենաների 50 տոկոսից ավելին:

Երթուղիներ սպասարկելու ժամանակ հասարակական տրանսպորտի կանգառներում երթեւեկության կանոնների խախտումներով են կանգառ կատարել թիվ 45, 46, 82 եւ 99  միկրոավտոբուսային երթուղիների վարորդները:

Քաղաքապետը հանձնարարել է հետեւողականորեն շարունակել մոնիտորինգը եւ երթուղիները սպասարկելու պայմանագրային կետերը խախտած անբարեխիղճ կազմակերպություններին ենթարկել պատասխանատվության:

Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջանների կողմից արդեն ներկայացվել են առաջարկներ այն բակային տարածքների վերաբերյալ, որտեղ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ կտեղադրվեն ժամանակակից մանկական խաղահրապարակներ: