Գյումրիի քաղաքապետարանը որոշել է Անկախության հրապարակից հեռացնել 50 տարեկան արծաթափայլ եղեվնիները` պատճառաբանելով, որ դրանք «գցում են քաղաքի տեսքը եւ խանգարում են, որ Ս.Ամենափրկիչ եկեղեցին երեւա»:
«Մի քանի ցանցառ ու ծերացած ծառերի մասին է խոսքը, որ փակում է Ամենափրկիչ եկեղեցու հրաշալի տեսքը, հո հանցագործություն չե՞նք անում, դրանք կտրելով»,- հայտարարել է Գյումրիի փոխքաղաքապետ, Կոմկուսի նախկին անդամ Գագիկ Մանուկյանը` այսօր` ապրիլի 18-ին ՀԿ-ների ներկայացուցիչների եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության մասնագետների հետ հանդիպման ժամանակ:
«Շատ եվրոպական երկրներ կերազեին, որ իրենց մոտ եկեղեցին լիներ հրապարակում, հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ տաճարներ կան քաղաքի կենտրոնում»,- ասել է նա:
Սակայն քաղաքապետարանին` եղեւնիներ հատելու գործում ընդդիմանում են հասարակական կազմակերպությունները: 30-ից ավելի ՀԿ-ներ նամակ են հղել ՀՀ քաղաքաշինության նախարարություն`պահաջելով ուսումնասիրություն կատարել Գյումրիի կենտրոնում, քանի որ «կառուցապատումն իրականացվում է քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի եւ Գյումրի քաղաքի հատակագծի ու գոտիավորման պահանջների կոպտագույն խախտումներով»:
Քաղաքաշինության նախարարությունից գործուղված մասնագիտական խումբը ուսումնասիրություններ է իրականացնելու Գյումրիում՝ պարզելու համար՝ ինչպես է իրականացվում քաղաքի կառուցապատումը, խախտվե՞լ են քաղաքաշինական նորմեր, պակասե՞լ են կանաչ գոտիներ, թե` ոչ: Այսօր նույն թեմայով տեղի է ունեցել քննարկում Գյումրիի ՀԿ-ների ու քաղաքաշինության մասնագետների մասնակցությամբ:
«4 տարի առաջ նմանատիպ 7 եղեւնի հատեց քաղաքապետարանը, խոստացան նոր գնդաձեւ ակացիաներ տնկել, բայց այդ խոստումը անկատար մնաց»,- հանդիպման ժամանակ հայտարարել է ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Իսկ «Բնություն» ՀԿ նախագահ Ռաֆայել Մխիթարյանի կարծիքով` «Եղեւնիները մեր քաղաքի գեղեցկուհիներն են, դրանք ամբողջացնում են հրապարակի համայնապատկերը եւ ոչ ոք թույլ չի տա տեղափոխել դրանք»:
«Նույն հրապարակում բանկ են կառուցել, որն անմիջապես մեկ այլ եկեղեցու կողքին է: Կառուցելիս բոլորն էին ասում, որ կապ չունի ապակեպատ, թիթեղյա կառույցը եկեղեցու հետ, ինչո՞ւ քաղաքապետարանը չի քանդում կառույցը ու որոշել է տեղափոխել եղեւնիները»,-ասել է Համայնքային նախաձեռնությունների քարոզչության կենտրոնի ներկայացուցիչ Սիրակ Եղիազարյանը:




























