Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Մոսկվայի կառավարության պատվիրակության հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ այսօր` ապրիլի 19-ին քննարկվել են գործընկերային հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Վստահ եմ, որ պատմականորեն ձեւավորված մեր բարեկամական հարաբերությունները ավելի պրագմատիկ եւ գործնական պետք է լինեն»,– նշել է պատվիրակության ղեկավար, Մոսկվայի արտաքին տնտեսական եւ միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար, Մոսկվայի կառավարության նախարար Եվգենի Չերյոմինը:
Երեւանի քաղաքապետին ներկայացնելով ՌԴ մայրաքաղաքի կառավարման ոլորտում առկա փոփոխությունները,պատվիրակության ղեկավարն առանձնացրել է Մոսկվայի համար առաջնային լուծում պահանջող գերակա ուղղությունները: Նրա խոսքով, ինչպես բոլոր խոշոր քաղաքների, Մոսկվայի համար էլ այսօր առաջնային են սոցիալական, տրանսպորտային եւ այլ հիմնախնդիրներ:
Հյուրերին ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերը, Երեւանի քաղաքապետը նշել է նաեւ, որ ներդրումային առումով քաղաքապետարանի քաղաքականությունը բաց եւ բարենպաստ միջավայր ապահովելն է:
Մոսկովյան պատվիրակության ղեկավարը նշել է, որ քաղաքաշինական եւ ենթակառուցվածքային ծրագրերում ակնկալում են հայ ճարտարապետական եւ նախագծային ինստիտուտների ծառայությունները:





























