Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` ապրիլի 20-ին Արարատի մարզի մի շարք համայնքներում ծանոթացել է 3-րդ կարգի ջրանցքների վերականգնման ընթացքին, եղել նաեւ Արմաշի եւ Ավշար-Այգեվանի պոմպակայաններում:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետին տեղեկացվել է, որ թե Արմաշի, թե Ավշար-Այգեվանի պոմպակայաններում վերականգնումը գրեթե ավարտված է, մնացել են հարդարման վերջին աշխատանքները: Երկու պոմպակայաններն էլ վերազինվել են նոր սարքավորումներով, ինչն անհամեմատ մեծացրել է դրանց հզորությունները: Անցած շաբաթվանից Արմաշի պոմպակայանն սկսել է ջրի մատակարարումը, Ավշար-Այգեվանում վերազինումն ամբողջությամբ կավարտվի մայիսի վերջին, սակայն այլընտրանքային տարբերակները պատրաստ են, եւ   պահանջված քանակով ջրամատակարարում հնարավոր է իրականացնել առաջիկա օրերին: Մարզի Դարակերտ, Մասիս, Լուսառատ եւ Փոքր Վեդի համայնքներում Ա. Գեւորգյանը ծանոթացել է «ՀՄՀ-Հայաստան» -ի ծրագրով երրորդ կարգի ջրանցքների վերականգնման աշխատանքներին:

Նշենք, որ փոխվարչապետին ուղեկցել են մարզպետ Է. Բարսեղյանը, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը եւ այլ անձինք: