Այն ինչ պաշտոնական Վաշինգտոնը զանգվածային բողոքի ակցիաների առնչությամբ հայտարարել է Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արեւելքի երկրների դեպքում, հավասարապես վերաբերում է նաեւ Ադրբեջանին: Այս մասին ապրիլի 18-ին կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոները:
Լրագրողների հետ ամենօրյա հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը մեկնաբանություններ է տվել արաբական աշխարհում ծավալված իրադարձությունների մասին:
Նույն ասուլիսում լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե պաշտոնական Վաշինգտոնն ինչպե՞ս է վերաբերում Ադրբեջանում անցած շաբաթվա վերջին բողոքի ակցիայի մասնակիցներին զանգվածաբար ձերբակալելու փաստին եւ արդյոք Ադրբեջանի կառավարության դեմ այդ հարցը բարձրացվե՞լ է:
Ի պատասխան Մարկ Թոները նշել է. «Ես պետք է ճշտեմ` արդյոք մենք դա արել ենք մեր դեսպանության միջոցով, այնտեղ` Բաքվում: Բայց հստակ է, որ այն, ինչ մենք ասում ենք Մերձավոր Արեւելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների դեպքում, հավասարապես վերաբերում է նաեւ մյուս երկրներին»: Նրա խոսքով` ԱՄՆ-ը համարում է, որ «ցուցարարները պետք է հարգանքի արժանանան ու խաղաղ արտահայտվելու, իրենց պահանջները խաղաղ ներկայացնելու հնարավորություն ունենան, իսկ իշխանությունները պետք է հարգեն ու պաշտպանեն այդ քաղաքացիներին»:





























