Հայաստանի պետական ագրարային համալսարանին գյուղատնտեսության  նախարարի անունից 2 կրթաթոշակ կհատկացվի լավագույն արդյունքներ եւ առաջադիմություն ցուցաբերած մարզաբնակ ուսանողներին: Այս մասին այսօր` ապրիլի 20-ին հայտարարել է Սերգո Կարապետյանը` հանդիպելով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարն առհասարակ կարեւորել է երիտասարդ կադրերի խրախուսումն ու նրանց ընդգրկվածությունը մեր երկրի կառավարման համակարգում:

«Ես առաջին քայլերն արդեն կատարել եմ: Գյուղատնտեսության փոխնախարարների պաշտոններ են զբաղեցնում երիտասարդներ, ովքեր այս բուհ-ի շրջանավարտներն են, եւ պատրաստ եմ կրել պատասխանատվություն` չնայած վստահ եմ, որ արդյունքներն ավելի քան հուսադրող են լինելու»,- ասել է նախարարը:

«Գյուղատնտեսության ոլորտը երկրի ողնաշարն է, իսկ գյուղերը` մեր սահմանները:Ուստի ոլորտի կայուն զարգացումը նույնքան կարեւոր է, որքան երկրի պաշտպանական համակարգի անխոցելիությունը: Ես չեմ խորշում բարձրաձայնել, որ գյուղերը դատարկվում են: Երեւույթի կանխումը մեզանից յուրաքանչյուրի գործն է: Ահռելի բեռ եւ պատասխանատվություն եմ վերցրել` կարգավորելու գյուղատնտեսության կնճռոտ խնդիրները, եւ դուք պետք է ինձ օգնեք այս հարցում», - ընդգծել է Ս. Կարապետյանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՊԱՀ շրջանավարտների լավագույն գիտական աշխատանքները ֆինանսավորելու եւ արտադրությունում ներդնելու վերաբերյալ:

Նախարարը հայտարարել է նաեւ հոկտեմբերի 3-րդ կիրակին գյուղատնտեսության աշխատողի օր հայտարարելու նախաձեռնության մասին:

Համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը նշել է, որ հանդիպումը սպասված եւ կարեւոր է: