Երեւանի քաղաքապետարանում այսօր` ապրիլի 20-ին մի քանի մանկապարտեզների սաների ծնողներ քաղաքապետարանի հանրակրթության վարչության ներկայացուցիչ Սիլվա Աչոյանի հետ քննարկել են Երեւանի կենտրոնում խցանումներից խուսափելու համար մանկապարտեզների աշխատանքը մեկ ժամ շուտ` ժամը 8:30-ին սկսելու քաղաքապետի որոշումը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հանդիպմանը մասնակցած ծնողներից մեկը` Հրաչուհի Բարսեղյանն ասաց, որ իրենց առաջարկել են դիմումներ ներկայացնել մանկապարտեզների տնօրեններին, որ երեխաները մանկապարտեզ հաճախեն ավելի ուշ: «Դա ժամանակավոր լուծում է, իսկ երբ քաղաքապետի այս բանավոր հրահանգը որոշում դառնա, խնդիրը շատ ավելի մասսայական կլինի: Բոլոր ծնողները ովքեր համաձայն չեն քաղաքապետի այս հրահանգի հետ, պարտավոր չեն դրան ենթարկվել: Ցանկացած ծնող, որը մասնակցել է ստորագրահավաքին, դժգոհություն է հայտնել, կարող է դիմում ներկայացնել տնօրենին»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց ծնողը:
Նշենք, որ այդ որոշման դեմ ստորագրահավաք կազմակերպող նախաձեռնող խմբի որոշ անդամներ հանդիպել են օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչների հետ, եւ նրանց եւս պարզաբանել, որ նման բանավոր հրահանգը իրավական ուժ չի կարող ունենալ եւ եթե որեւէ մեկը համաձայն չէ այդ հրահանգի հետ, կարող է դրան չենթարկվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղաքապետի հրահանգով, Երեւանի փողոցներում առավոտյան ժամերին նկատվող տրանսպորտային հոսքերը թեթեւացնելու նպատակով, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, ապրիլի 18-ից մայիսի 18-ը ( 22 աշխատանքային օր) իրականացվում է փորձնական ծրագիր, ըստ որի, 20 մանկապարտեզներում դասերն ու պարապմունքները սկսվում են 08:30-ին:
Երեւանի Կենտրոնի մանկապարտեզներ հաճախող երեխաների ծնողները Facebook-ում խումբ են ստեղծել «Թողեք քնենք» (խումբը վերանվանվել է «Երեխաները փորձադաշտ չեն») անվանումով եւ ստորագրահավաք են սկսել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշման դեմ:




























