Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներն այսօր` ապրիլի 20-ին այցելել են Գյումրի, հանդիպել են կոնգրեսի Շիրակի ակտիվի հետ ու որոշ հարցեր քննարկել: Խոսվել է ներքաղաքական հիմնախնդիրների մասին, անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
«Կոնգրեսը պայքարի նոր փուլ է սկսել, հանրահավաքների նոր շարք, իսկ առաջիկայում՝ կախված իշխանությունների քայլերից, չի բացառվում որ փոխի իր պայքարի մարտավարությունն ու վճռական գործողությունների անցնի»,- նշել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը` արձանագրելով, որ իշխանությունները չեն կատարում ընդդիմության պահանջները:
ՀԱԿ-ի 3 հիմնական պահանջները` ուղղված իշխանությանը, ընդդիմադիր գործիչներն անկատար են համարել, ուստի երկխոսության հավանականությունը այս պարագայում նվազագույնի կարող է հասնել:
Անդրադառնալով վերջին շրջանում տարածված շշուկներին, թե ՀԱԿ-ը իշխանության հետ գործարք է սկսել, Գագիկ Ջհանգիրյանը նկատել է, թե դա ուղղակի քարոզչություն է իշխանության կողմից, որը միտված է Կոնգրեսի շարքերը նոսրացնելուն: Իսկ երրորդ ուժի ստեղծման մասին խոսակցությունների մասով էլ նախկին զինդատախազն ասել է, թե պայքար է Կոնգրեսի դեմ, իսկ որոշ ընդդիմադիր ուժեր դեռ պետք է ապացուցեն իրենց ազնիվ մղումները:





























