Թբիլիսիի Խորհրդարանական հանրային գրադարանում այսօր` ապրիլի 20-ին կայացել է «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են  Հայոց Ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր վրացական երեք թերթերից`  «Սաքարթվելո», («Վրաստան»), «Սամշոբլո» («Հայրենիք»), «Սախալխո Փուրցելի» («Ժողովրդական թերթ») եւ «Կլդե» («Ժայռ») ամսագրից:

«Գրքի նպատակներից մեկն է խթանել Վրաստանի գիտական շրջանակին` ուսումնասիրելու այն մեծ պաշարը, որոնք պահպանվում են իրենց արխիվներում`դրանով իսկ լրացնելու ցեղասպանության արդեն հայտնի պատկերը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գրքի հեղինակներից Ալեքսանդր Օհանյանը:

Իսկ Վրաստանի հայկական ուսանողական միության նախագահ Արմեն Աղաջանովն էլ  նշել է. «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գիրքը նպատակ ունի նաեւ ծանոթացնել վրացի ընթերցողին Հայոց ցեղապսանության փաստի հետ, քանի որ այդ հարցը  վրացական հասարակությունում ավելի քան 96 տարի տաբու է համարվում»:

Գիրքը հեղինակել են Վրաստանի հայկական ուսանողական միության անդամներ  Ռազմիկ Բադալյանը, Գեւորգ Յակուտովը, Արթուր Միրզոյանը, Ալեքսանր Օհանյանը, Էդուարդ Սահակյանը, ովքեր մեկ տարի շարունակ աշխատել են գրքի պատրաստման վրա:

«Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գիրքը լույս է տեսել 1000 օրինակով եւ միայն վրացերեն լեզվով: 

Նշենք, որ Վրաստանը պաշտոնապես չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: