Կառավարության շենքի դիմաց այսօր` մարտի 12-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Գեղարքունիքի մարզից եկած թոշակառու սպաներ, որոնք բնակարանների կարիք ունեն:
Նրանց խոսքով՝ ընդհանուր թվով իրենք 1000-ն են, բայց ոչ բոլորն էին ներկա բողոքի ցույցին:
Մասնակիցները նշում էին, որ իրենք բազմիցս դիմել են ՊՆ սոցիալական վարչություն, որտեղից էլ իրենց պատասխանել են, որ գործերն ընթացքի մեջ են:
Վերջին անգամ նրանց ասել են, որ բնակարանային հանձնաժողովի նախագահը գործուղման մեջ է և հնարավոր չի եղել նիստեր գումարել: Անցել է ավելի քան 4 ամիս:
Պահեստազորի փոխգնդապետ Սամվել Խաչատրյանը նշեց. «Չեմ կարող ասել, որ մեր խնդիրները չեն լսել: Վարչապետը, փոխվարչապետը, ՊՆ նախարարը, էստեղ հավաքված մարդիկ, հիմա էլ դուք եք լսում, բայց դրանից ի՞նչ օգուտ: Մենք այսօր եկել ենք իմանանք` ինչու նիստ չի գումարում հանձնաժողովը, խոստացել են մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը բոլոր թոշակառու սպաներին ապահովել բնակարանով»:
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց. «25 տարի ծառայել եմ, թոշակ եմ ստանում, վարձով բնակարանում եմ ապրում: Ամբողջ թոշակս տալիս եմ վարձ, բայց խի՞: Դրա համար եմ ծառայե՞լ: Ինձ պետք է հասկանալ` ոչ մի բան չեմ արել իմ երեխաների ու թոռներիս համար: Ինչքան կապրեմ, չգիտեմ, մի օջախ չունենա՞մ: Տանս բանալիները` տուր, գնամ: 540Ն որոշումը խայտառակություն է, այսինքն`արտոնություններ կտան զինծառայողներին: Ես պահեստազորի սպա եմ, ինձ ո՞վ կտա հիպոտեք, 58 տարեկան եմ: Ի՞նչ եմ անելու նրանց տված սերտեֆիկատը: Արժանի թոշակի ուղարկեք: Մեզ տվեք աժանապատիվ ապագա և ապահովեք բնակարանով»:











