Ոստիկանությունը բացահայտել է Մարտի 6-ի  Քանաքեռ-Զեյթուն  վարչական տարածքի բուժհաստատություններից մեկում գողություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության  պաշտոնական կայքից։

Մարտի 6-ին, ժամը 14-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության ի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը վարչական տարածքի բուժհաստատություններից մեկում գողություն է կատարվել:

Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Պարզվել է` օգտվելով աշխատասենյակների դռները բաց լինելու հանգամանքից` գողացել են բժիշկներից մեկի դրամապանակը, որի մեջ եղել էր փող, զեղչի ու բանկային քարտեր, մյուսի պայուսակն էին տակնուվրա արել ու հարմար բան չգտնելով` հեռացել:

Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ. դեպքից օրեր անց գողությունը բացահայտվեց:

Մարտի 10-ին, ժամը 17-ի սահմաններում, քրեական հետախույզները և ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Անդրանիկի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել Սեբաստիայի փողոցի 43-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածվողը 2020 թվականի հունվարից մարտի 6-ը Հրազդան քաղաքի և Երևանի տարբեր վարչական շրջանների բուժհաստատություններում, տոնավաճառներում ու խանութներում տասնյակից ավելի անձնական ունեցվածքի գողություններ է արել` գողանալով բջջային հեռախոսներ, դրամապանակներ ու պայուսակներ:

Հանգամանքները պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: