Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը ապրիլի 21-ին այցելել է Գ. Լեոնիձեի անվան Վրաց գրականության պետական թանգարանում կազմակերպված «Հիշողությունների ցուցահանդեսը»` նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցանմուշները հիմնականում լուսանկարներ էին, փաստաթղթեր, կենցաղային իրեր եւ այլ նյութեր, որոնք պահպանվել են 1915-1923 թթ. Թուրքիայի տարածքում ծավալված վայրագությունների զոհ դարձած թբիլիսահայերի ընտանիքներում:
Ցուցահանդեսը կազմակերպել էր «Թբիլիսիի հայերի ասամբլեա» կազմակերպությունը` ի դեմս վերջինիս նախագահ Իրենա Օգանջանովայի եւ մեկն է միջոցառումների շարքից, որոնք Վրաստանի տարբեր հայկական կազմակերպությունները նախապատրաստել են ի հիշատակ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:
Ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրություն էին դրսեւորել նաեւ Վրաստանի լրատվամիջոցները: Միջոցառման ընթացքում Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել վրացական ռուսալեզու «ՊԻԿ» հեռուստատեսությանը:




























