Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի քաղաքացիներին կոչ է արել տանը մնալ։ «Բավական է, գնացեք տուն եւ մնացեք տանը»,- ասել է նա, հայտնում է AP-ը։

Նրա խոսքերով՝ տանը մնալը պարտականություն է, եւ կառավարությունը անհրաժեշտության դեպքում կստիպի դա անել։ Նա նշել է, որ կնախընտրեր չանել դա՝ հավելելով, որ նրանք, ովքեր չեն անում դա, վտանգի են ենթարկում բոլոր մնացածներին, ներառյալ տնտեսության վերականգնումը եւ միլիոնավոր կանադացիների բարեկեցությունը։ Թրյուդոն նշել է, որ մեծ խմբերով արեւի տակ հանգստացող մարդկանց լուսանկարներն ու տեսանյութերը չափազանց մտահոգիչ են։

Թրյուդոն ելույթ է ունեցել իր նստավայրից դուրս։ Այն բանից հետո, երբ նրա կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, վարչապետը գտնվում է ինքնամեկուսացման մեջ։