Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` ապրիլի 26-ին Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի փոխնախագահ Խայիմ Մայոր Օրեխայի հետ մասնակցել է «Արժեքների դերն անցումային հասարակություններում» սեմինարին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԵԺԿ խմբի փոխնախագահը հանդես է եկել «Քաղաքականությունը որպես հասարակությանը ծառայելու միջոց» զեկույցով: Որպես քաղաքական գործչի կարեւոր հատկանիշ նա առանձնացրել է իրականությունը համարժեք գնահատելու, հասարակության իրական պատկերը ճշգրիտ ախտորոշելու կարողությունը: Անդրադառնալով արժեքների ճգնաժամի խնդրին` նա նշել է, որ այսօր Եվրոպային սպառնում է ռելատիվիզմի վտանգը, որն արագորեն տարածվում է բոլոր եվրոպական երկրներում: Ըստ Խայիմ Մայոր Օրեխայի` դրա պատճառն այն արժեքների ազդեցության կորուստն է, որոնց վրա հիմնված էին եվրոպական կառույցների ծրագրերը եւ ԵՄ անդամ-երկրների սոցիալ-քաղաքական զարգացման մոդելները:
Մայոր Օրեխան անհրաժեշտ է համարել այնպիսի արժեքների շեշտադրումը, ինչպիսիք են ընտանիքը, կրթությունը, ազգային ինքնության գաղափարը եւ ազգի արժեքային համակարգը: Այդ առումով նա կարեւորել է փորձի փոխանակումը, ինչը հնարավորություն կտա օգտակար եզրահանգումներ անել:
Իր` «Միջին խավի ձեւավորումը որպես բարեփոխումների իրական հաջողության գրավական» զեկույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է «միջին խավ» հասկացության տարբեր ընկալումները: Խոսելով ժողովրդավարական հասարակության արժեքային համակարգի մասին` կառավարության ղեկավարը քաղաքացիական հասարակություն կառուցելու առումով հիմնարար արժեք է համարել միջին խավի ձեւավորումը:
Նա առանձնացրել է քաղաքացիական հասարակության ինստիտուտների ձեւավորման երկու ճանապարհ` բնականոն զարգացում, երբ մասնավոր սեփականատերերը պայքարում են իրենց իրավունքների համար, եւ հասարակությունը ձեւավորում է միջին խավի իրավունքները պաշտպանող ինստիտուտներ, եւ բարեփոխումների իրականացում, երբ պետությունը տոտալիտար համակարգից դեպի դեմոկրատական հասարակություն անցում կատարելիս ձեւավորում է դեմոկրատական հասարակությանը բնորոշ կանոններ: «Հայաստանի համար անհրաժեշտ է ձեւավորել նոր օրակարգ, որը պետք է վերհանի այն խոչընդոտները, որոնք առկա են միջին խավի ձեւավորման համար.
Առաջինը` մասնավոր սեփականության պաշտպանության իրական ինստիտուտների ձեւավորում,
Երկրորդը` օլիգոպոլիաների դեմ արդյունավետ պայքար, մրցակցային բարենպաստ միջավայրի ձեւավորում եւ բիզնես դիսցիպլինայի պահպանում,
Երրորդը` արժեքների տարածում, որոնց կրողը պետք է լինի միջին խավը, մասնավորապես, ընտանիքի արժեքը, բարձր կրթական մակարդակ ունենալու արժեքը, մրցակցության արժեքը շուկայում, մեր երկրում ստեղծվող իրավիճակների վերաբերյալ ինքնուրույնաբար տեղեկատվություն ստանալու, վերլուծելու եւ ամփոփելու կարողությունը, մասնակցությունը հասարակական գործընթացներին, առաքելության զգացումը եւ կողմնորոշում ոչ միայն դեպի իր անձն ու իր ընտանիքը, այլեւ դեպի հասարակական բարիքը»: Վարչապետ Սարգսյանն անհրաժեշտ է համարել Հայաստանում միջին խավի կարողությունների դրսեւորման եւ իրացման համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը` ընդգծելով, որ առանց միջին խավի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման ինստիտուցիոնալ բարեփոխումները հաջողություն չեն ունենա:




























