Գարնանային զորակոչն արդարության մթնոլորտում կազմակերպելը չափազանց կարեւոր է, իսկ նախկինում թույլ տրված թերացումների կրկնությունը լինելու է աններելի: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին հայտարարել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ՊՆ-ում հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ:

Այդ նիստում ամփոփվել են 2010թ. աշնանային զորակոչի անցկացման աշխատանքները, տրվել են ցուցումներ 2011թ. գարնանային զորակոչի կազմակերպման վերաբերյալ:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկուցումով հանդես է եկել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Յուրի Խաչատուրովը եւ ներկայացրել 2010թ. աշնանային զորակոչի ցուցանիշները, արձանագրված թերացումներն ու ձեռքբերումները:

Պաշտպանության նախարարը նշել է, որ հասարակության դժգոհությունը եւ նախարության աշխատակազմի վերահսկիչ վարչության բացահայտված անճշտությունների ու չարաշահումների զգալի մասը հատկապես պայմանավորված են զորակոչի կազմակերպմանը ներգրավված բժշկական որոշ հանձնաժողովների աշխատանքի որակի հետ:

Գարնանային զորակոչի ընթացքում բողոքների դեպքում քաղաքացիները կարող են դիմել նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործող բողոք-դիմումների ընդունման հանձնաժողովին կամ անմիջապես տեղեկացնել 1-88 վստահության հեռախոսահամարով: