Բուենոս Այրեսում ապրիլի 27-ին տեղի է ունեցել Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիա եւ Հայաստան 1914-1918. Դիվանագիտական փաստաթղթերի հավաքածու» իսպաներեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտում են, որ այն կայացել է Բուենոս Այրեսի «Միջազգային հարաբերությունների արգենտինյան կենտրոնում» (C.A.R.I.), ՀՀ դեսպանության եւ «Աքյան գրաֆիկա» հրատարակչության նախաձեռնությամբ:

Դիվանագիտական փաստաթղթերի այդ հավաքածուի իսպաներեն լեզվով թարգմանության ու տպագրության նախաձեռնողն ու հովանավորն է 89-ամյա արգենտինահայ Անահիտ Բարիկյանը: Գերմաներենից գիրքը թարգմանել է ճանաչված թարգմանչուհի, իրավաբան Բեատրիս Էլբերտը, տպագրությունն իրականացվել է«Աքյան Գրաֆիկա» հրատարակչությունում:

Միջոցառմանը ներկա են եղել Արգենտինայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Արգենտինայի ԱԳՆ-ի պաշտոնյաներ, գիտնականներ, քաղաքագետներ, լրագրողներ, համալսարանական դասախոսներ, ուսանողներ, արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: