Կառավարությունում այսօր` ապրիլի 29-ին տեղի է ունեցել Էդուարդ Միրզոյանի 90-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 90-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը եւ հավանության արժանացրել այն:
Հայտնի կոմպոզիտորի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը 2011 թվականի համար ներառում է մի շարք ձեռնարկումներ. մշակութային, գիտակրթական (երեկոներ, գիտաժողովներ, մրցույթ-փառատոններ եւ հոբելյանական համերգներ), գիրք-ալբոմի եւ հուշերի հրատարակություններ, վավերագրական ֆիլմի նկարահանում ու ցուցադրություն, ձայնասկավառակի պատրաստում, Երեւանի պետական կոնսերվատորիայում Էդ.Միրզոյանի անվան կրթաթոշակի սահմանում եւ այլն։




























