«Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներն այսօր` ապրիլի 29-ին հանդիպել են ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ եւ քննարկել ներքաղաքական որոշ զարգացումներ:

ՀՅԴ մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել ՀՀ իրավական դաշտում օրենսդրական բարեփոխումների նկատմամբ՝   Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ մոտեցումների շուրջ։ Քննարկումների ժամանակ արծարծվել է ընտրական օրենսգրքում փոփոխությունների բովանդակությունն ու ընթացքը։

ՀՅԴ-ի կողմից հանդիպմանը մասնակցել են մասնավորապես, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Ժառանգություն» կուսակցության պատվիրակությունը գլխավորել է ՀՀ Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցություն ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։