ԱՄՆ պետքարտուղարի Արեւելյան Ասիայի հարցերով օգնական Դեւիդ Սթիլվելը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի պաշտոնյաների եւ կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են Հարավչինական ծովում ՉԺՀ-ի «ագրեսիվ վարքագծում», հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք չենք բացառում որեւէ տարբերակ: Սա մի լեզու է, որը Չինաստանը հասկանում է՝ ցուցադրական եւ շոշափելի գործողություններ»,- ասել է Սթիլվելը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի հետազոտական կենտրոնում՝ այն բանից հետո, երբ պետքարտուղար Մայք Պոմպեոն ապօրինի համարեց Հարավչինական ծովում Չինաստանի տարածքային պահանջները:
Երեքշաբթի օրը Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը դատապարտել էր ԱՄՆ-ի դիրքորոշումը:
«Դա միտումնավոր տարաձայնություններ է առաջացնում ծովային տարածքային պահանջների շուրջ, խարխլում է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը եւ անպատասխանատու քայլ է»,- ասել է նա լրագրողներին: «ԱՄՆ-ը բազմիցս ռազմական ինքնաթիռներ եւ մեծ նավատորմեր է ուղարկել Հարավչինական ծով... ԱՄՆ-ը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խախտող է»:
Չինաստանի արտգործնախարար Վան Ին իր ֆիլիպինցի գործընկերոջ հետ տեսազանգի ընթացքում դատապարտել է Միացյալ Նահանգներին՝ Չինաստանի եւ АСЕАН-ի երկրների միջեւ տարաձայնություններ սերմանելու համար, եւ Ֆիլիպիններին կոչ է արել «նայել առաջ, այլ ոչ թե հետ»։





























