Երբ հաջորդ շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին բացի որպես մզկիթ, դա կդառնա համաշխարհային ասպարեզում Թուրքիայի՝ որպես մուսուլմանական տերության դերի վերականգնման նրա առաքելության գլխավոր խորհրդանիշը: Եվ այդուհանդերձ, Թուրքիան հազվադեպ է եղել ավելի միայնակ, հայտնում է Bloomberg-ը:
Սիրիայում եւ Լիբիայում հակամարտություններից մինչեւ Իրաքում հարվածներ ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակը օրուգիշեր աշխատում է զինված անօդաչուներով, ռազմական օդաչուներով եւ տանկերով: Թուրքական նավերը լողարկում են Միջերկրական ծովում՝ Եվրամիության անդամ Հունաստանի եւ Կիպրոսի հետ վիճելով գազային պաշարների պատճառով:
Գրեթե երկու տասնամյակ երկրի ղեկին գտնվելուց հետո Էրդողանը, հնարավոր է, Թուրքիան վերածել է տարածաշրջանային տերության՝ միջազգային մեծ ազդեցությամբ, քան եղել է 1923 թվականին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից որպես աշխարհիկ պետություն իր հիմնադրման պահից ի վեր:
Տարածաշրջանում, որը նախկինում 100 տարի եղել է Օսմանյան կայսրության իշխանության տակ, իր ազդեցությունն ընդլայնելու Էրդողանի համառ փորձը նշանակում է, որ Թուրքիան ներկայումս գտնվում է հակամարտության մեջ, առճակատման մեջ է արաբական ծանրքաշայինների եւ իր ավանդական դաշնակիցների հետ: Այս պահին, սակայն, ոչ ոք, կարծես, չի ցանկանում կամ չի կարող կասեցնել այդ հակամարտությունը:
«Թուրքիան ունի ռազմավարական առավելություն,- կարծում է Bluebay Asset Management-ի զարգացող շուկաներում ավագ սուվերեն ռազմավար Թիմոթի Էշը: - Իրականությունն այնպիսին է, որ ԵՄ-ն անատամ առյուծ է, երբ խոսքը վերաբերում է Թուրքիային: Եվ Էրդողանը սա վաղուց է հասկացել»:
ԱՄՆ-ն դատապարտել է Էրդողանի արտաքին քաղաքականության որոշ ասպեկտներ, բայց խուսափել է ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակցի դեմ կոնկրետ գործողություններից: ԵՄ-ի համար Թուրքիայի դերը որպես Եվրոպա միգրանտների եւ զինյալների հոսքի բուֆեր չափից ավելի վտանգավոր է դարձրել առեւտրային պատժամիջոցների կիրառումը կապված Միջերկրական ծովի արեւելյան հատվածում գազի հետախուզումների հետ: Ցանկացած դեպքում առեւտրային պատժամիջոցները վնաս կհասցնեն նաեւ եվրոպական երկրներին, եւ միայն քչերն են պատրաստ կրելու այդ ծախսերը, քանի որ կորոնավիրուսի համավարակը ճեղքում է համաշխարհային տնտեսությունը:
Հանդիսանալով ԵՄ թեկնածու եւ ԱՄՆ-ի վաղեմի դաշնակից՝ Թուրքիան վերջին տարիներին վարում է ավելի ու ավելի անկախ արտաքին քաղաքականություն, եւ առայժմ դա գործում է: Թուրքիան մարտահրավեր նետեց Միացյալ Նահանգներին եւ ՆԱՏՕ-ին՝ գնելով Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր եւ, այնուամենայնիվ, հասավ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությանը՝ զորքեր ուղարկել կեղտոտ հակամարտությունների շրջաններ, որոնցից ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կխուսափեր:
Լիբիայում թուրքական միջամտությունը, որն «օրհնված էր» ԱՄՆ-ի կողմից, փոխեց բարդ պատերազմի ընթացքը: Միաժամանակ, այս հաղթանակը Թուրքիային մոտեցրեց Խալիֆա Հաֆթարին սատարող Եգիպտոսի եւ ԱՄԷ-ի, ամերիկյան դաշնակիցների հետ հնարավոր հակամարտության:
Սիրիայում Թուրքիան համագործակցում էր Մոսկվայի հետ: Բայց անցյալ տարվա հարձակումը սիրիական քրդերի դեմ, որին աջակցում էր ԱՄՆ-ը, որը առաջին գծում պատերազմում էր «Իսլամական պետության» դեմ, զայրույթ առաջացրեց Եվրոպայում եւ ԱՄՆ Կոնգրեսում, չնայած այն հավանության էր արժանացել Թրամփի կողմից:
Ս-400-ների պատճառով պատժամիջոցների եւ սիրիական ներխուժումների մասին խոսակցությունները շարունակվում են Կոնգրեսում, որտեղ աստիճանաբար թուլացել է Թուրքիայի հանդեպ արմատացած աջակցությունը եւ համակրանքը: Այս քայքայվող հարաբերությունները անցյալ տարի ավարտվեցին հայերի 1915-ի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու խորհրդանշական քվեարկությամբ: Սակայն երկիրը մինչ այժմ խուսափում էր լուրջ պատիժներից, քանի որ Էրդողանը նուրբ գիծ է անցկացնում իր ընկերներին մարտահրավեր նետելու եւ այն հանգամանքի միջեւ, որ Թուրքիան օգտակար մնա:
«Թուրքիայի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ ղեկավարների մակարդակում շատ լավ են, սակայն շատ թույլ են ինստիտուցիոնալ մակարդակում»,- նշել է Ֆադի Հակուրան, ով ղեկավարում է թուրքական ծրագիրը Լոնդոնի Chatham House կենտրոնում: «Էրդողանը խաղում է Թրամփի հետ, եւ դա մինչ այժմ աշխատել է, բայց դուք չեք կարող վարել նման արտաքին քաղաքականություն, քանի որ հնարավորությունները կարող են շրջվել ձեր դեմ: Ամեն ինչ կարող է փոխվել, եթե Ջո Բայդենը նոյեմբերին հաղթի ԱՄՆ ընտրություններում»:
Իր հաղթանակով Թուրքիան արդեն իսկ մեկուսացված է թվում:
Անկարգություններից ցնցված արաբական տարածաշրջանում Էրդողանը քիչ ընկերներ ունի, մինչդեռ նրան սատարողների ցանկը ներառում է ծանրաքաշներին՝ Եգիպտոսից մինչեւ Սաուդյան Արաբիա, մինչեւ Արաբական Միացյալ Էմիրություններ:
Նրանք մեղադրում են Թուրքիային, որ նա փորձում է խարխլել քաղաքական կայունությունը եւ միջամտել արաբական գործերին` աջակցելով ընդդիմադիր իսլամիստական խմբավորումներին, ինչպիսին են «Մահմեդական եղբայրությունը», որը արգելված է բազմաթիվ կառավարությունների կողմից: Եթե Էրդողանը չզբաղվի լուրջ դիվանագիտությամբ եւ քաղաքականության զգալի փոփոխություններով, դժվար է պատկերացնել, որ նրանք թույլ տան Անկարային հաստատվել՝ որպես Լիբիայում հիմնական իշխանություն:
«Էրդողանը մարտավարական մի շարք հաղթանակներ է տարել, բայց նա կամ չի ցանկացել կամ չի կարողացել դրանք վերածել ռազմավարական նվաճումների, քանի որ դա պահանջում է մկանային դիվանագիտություն, այլ ոչ թե պարզապես ռազմական միջամտություն»,- ասել է Հակուրան:
Եվրոպայի համար Թուրքիան միաժամանակ ե՛ւ անփոխարինելի գործընկեր է, եւ՛ խնդիր: Կիպրոսի մոտ գազի հետախուզություն սկսելու խոստումը դատապարտեցին միջերկրածովյան հարեւանները՝ Եգիպտոսը, Իսրայելը եւ Հունաստանը, խողովակաշարի նախագծում հնարավոր գործընկերները, ինչպես նաեւ ԵՄ-ն:
Եվրոպական-թուրքական առավել սերտ համագործակցության կոչին, որը հրապարակվել է Politico-ում երկուշաբթի՝ ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերով հանդիպումից առաջ, արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն Լիբիային եւ Սիրիային անվանել է վայրեր, որտեղ Թուրքիան ձեռնարկում է ռազմական գործողություններ, որոնք պաշտպանում են Եվրոպային, սակայն քննադատվում են Ֆրանսիայի եւ մյուսների կողմից, մինչդեռ Միջերկրական ծովում նրա շահերը բաց են թողնվել «չարաշահումների եւ օտարանալու» պատճառով։
Գերմանիա վերջերս կատարած այցի ընթացքում զբոսաշրջությունը վերսկսելու Չավուշօղլուի կոչը մերժվել էր: Գերմանիան վկայակոչել էր համավարակի հետ կապված խնդիրները: Անկարան դրանում քաղաքական դրդապատճառ է տեսնում:
Իր հերթին, ԵՄ-ն, ինչպես եւ սպասվում էր, անցյալ շաբաթ դատապարտեց Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը եւ սպառնաց ընդլայնել եվրոպական սեւ ցուցակը: Սակայն, ինչպես ՆԱՏՕ-ի պարագայում, սա վկայում է երկրում լարվածությունը նվազեցնելու ցանկության մասին, ինչը ծայրահեղ կարեւոր նշանակություն ունի Եվրոպայի անվտանգության համար:
«Էրդողանը ձգտում է հավակնել սունի մահմեդականների առաջնորդը լինելուն եւ հետ վերադարձնել տարածաշրջանային կորսված ազդեցությունը, որը ժամանակին գոյություն ուներ Օսմանյան կայսրությունում»,- ասում է Անկարայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրության հիմնադրամի փորձագետ Նիհաթ Ալի Օզջանը: «Նա ստանձնել է որոշ ազգայնականների եւ բարեպաշտ մարդկանց աջակցությունը երկրի ներսում, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի որոշ մասերում, սակայն դա մեծացնում է արեւմտյան երկրների կոալիցիայի ձեւավորման ռիսկը։ Բացի այդ, Թուրքիայի ավելի ճնշող արտաքին քաղաքականությունը զայրացնում է արաբական աշխարհին»:





























