Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները հաստատել են փոխշահավետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման իրենց վճռականությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ Լոնդոնում կայացած բանակցությունների արդյունքում Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի կողմից երեքշաբթի օրը տարածված հայտարարության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վարչապետը եւ պետքարտուղարը շեշտադրել են Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի ամուր համաձայնագրի շուրջ բանակցելու իրենց մտադրությունը, որից կշահեն երկու երկրների տնտեսությունները»,- ասել է Ջոնսոնի ներկայացուցիչը:
Այս պահին բանակցություններ են ընթանում Լոնդոնի եւ Վաշինգտոնի միջեւ` նմանատիպ համաձայնագիր կնքելու համար: Դրանք սկսվեցին այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան փետրվարի 1-ին ԵՄ-ից դուրս եկավ՝ միության մեջ 47 տարի մնալուց հետո: Սա նրա համար ամբողջ աշխարհում առեւտրային գործարքներ կնքելու հնարավորություն ստեղծեց: 2018-ին բրիտանական արտահանումը ԱՄՆ հասել է 123,5 միլիարդ ֆունտի (ներկա փոխարժեքով՝ 157 միլիարդ դոլար), իսկ ամերիկյան ներմուծումը Մեծ Բրիտանիա՝ 78 միլիարդ ֆունտի (99 միլիարդ դոլար):





























