ԱՄՆ-ը կգնի Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները՝ դրանց արտադրության համար համագործակցության ծրագրի չեղարկումից հետո՝ Անկարայի կողմից ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պատճառով, հայտնում է Պենտագոնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Արտադրող Lockheed Martin-ից ձեռք կբերվեն ութ F-35A Lightning II ինքնաթիռներ՝ 862 միլիոնանոց պայմանագրի շրջանակներում՝ «Թուրքիայի Հանրապետությանը F-35-ի ծրագրից հանելուց հետո»,- ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ: Բացի այդ, գործարքը ներառում է վեց մեքենա՝ ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի համար:

Թուրքիան ի սկզբանե նախատեսում էր ձեռք բերել մոտ 100 F-35A, սակայն Ս-400 ՀՕՊ համակարգի ձեռքբերումից հետո հեռացվել էր արտադրության եւ գնումների ծրագրից: ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ F-35-ը անհամատեղելի է Ս-400-ի հետ: Վաշինգտոնը նաեւ Անկարային սպառնացել էր Ս-400-ների գնման համար պատժամիջոցներով, սակայն առայժմ չի սահմանել դրանք:

Անհայտ է F-35 ինքնաթիռների ճշգրիտ թիվը, որոնք Lockheed Martin-ը կառուցել է Թուրքիայի համար: Defense News պորտալը նախկինում գրել էր, որ կարող է 24 այդպիսի ինքնաթիռ լինել։ Արտադրական այդ հոսքի մեկ ինքնաթիռը արժե մոտ 78 միլիոն դոլար:

Ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության նորագույն համակարգերի առաքումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսերից: Վաշինգտոնը պահանջել էր հրաժարվել գործարքից եւ փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրներ՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA- ի: Անկարան հրաժարվել էր զիջումների գնալ եւ շարունակել էր բանակցությունները Ս-400-ների լրացուցիչ խմբաքանակի շուրջ: