ԱՄՆ-ը ավելի ակտիվ կդառնա Արկտիկայում՝ Ռուսաստանի աճող ազդեցությանը դիմակայելու եւ տարածաշրջանում արմատավորվելու Չինաստանի փորձերին խանգարելու համար: Այս մասին Դանիայի ԱԳ նախարար Ջեպե Կոֆոդի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է AP-ը։
Նա ողջունել է ԱՄՆ հյուպատոսության վերաբացումը Գրենլանդիայում Դանիայի կիսաինքնավար տարածքում եւ հայտարարել է Ֆարերյան կղզիների հետ համագործակցության նոր համաձայնագրի մասին, որը նախատեսում է կայուն ձկնորսություն եւ առեւտրային փոխազդեցության աճ: «Սա Գրենլանդիայում Միացյալ Նահանգների համար նոր օր է»,- ասել է Պոմպեոն:
Նուուկում ԱՄՆ հյուպատոսությունը տասը տարվա ընդմիջումից հետո հունիսին վերաբացվել է, ինչը ուշադրության է արժանացել՝ Գրենլանդիան գնելու նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրության պատճառով։
Կոֆոդն ասել է, որ Գրենլանդիան գնելու գաղափարը, որը կտրուկ մերժվել էր եւ ծաղրի արժանացել ինչպես Գրենլանդիայի, այնպես էլ Դանիայի պաշտոնյաների կողմից, բանակցություններում չի քննարկվել:
Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիկսենի, ինչպես նաեւ Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների ղեկավարների հետ զրույցներում Պոմպեոն ասել է, որ ինքը կարեւորում է էներգետիկ անկախությունը, հատկապես՝ Ռուսաստանից:
Թրամփի վարչակազմը կտրականապես դեմ է Ռուսաստանից Գերմանիա Բալթյան ծովով «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը, եւ անցած շաբաթ նախազգուշացրել է նախագծին մասնակցող ընկերություններին, որ եթե նրանք չդադարեցնեն աշխատանքը, կենթարկվեն ԱՄՆ պատժամիջոցներին:




























