Սեւանի հանդեպ հատուկ ուշադրություն է պետք եւ անընդհատ ջրառ անելով այստեղից, մենք վտանգում ենք լիճը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

«Այն, որ Սեւանը պիտի կանաչի, այդ կանխատեսումը արվել է բնապահպանների կողմից տարիներ առաջ։ 10 տարուց ավելի է՝ Սեւանի խնդիրը կա։ Նա անընդհատ խոսում է այն մասին, որ գլոբալ կլիմայական փոփոխություններ են կատարվում եւ Սեւանի հանդեպ հատուկ ուշադրություն է պետք եւ անընդհատ ջրառ անելով այստեղից, մենք վտանգում ենք լիճը։ Անընդհատ որսագողությունը խրախուսելով եւ թույլ տալով, որ ձկնապաշարները քչանան։ Այս ամենը նոր չէ, բայց քանի որ Սեւանը հիմա հասել է ամենակրիտիկական վիճակին, հիմա արդեն SOS է պետք գոռալ եւ կանգնեցնել այդ ամենը»,- ասաց նա։

Ադամյանի խոսքով` գիտնականները մոտ 5 տարի առաջ ասում էին՝ դուք Սեւանի մասնագետ չեք, չեք կարող իմանալ, գիտական առումով նման բան դեռ հնարավոր չէ։

«Բայց արդեն անցյալ եւ նախանցյալ տարի գիտականները հասկացան, որ այո, կլիմայական փոփոխությունները շատ ավելի շուտ հասան Հայաստան, քան իրենք պատկերացնում էին։ Իրենք մտածում էին՝ ամբողջ աշխարհում դա կլինի, բայց Հայաստանում նման բան չկա։ Պարզվեց, որ լավ էլ կա եւ հեչ էլ շուտ չէ։ Հիմա արդեն հիդրոէկոլոգները եւ Հիդրոէկոլոգիայի ինստիտուտը պարբերաբար ելույթներ է ունենում, ուսումնասիրություններ է անում, ահազանգում է՝ ձկնապաշարները քիչ են, կանաչումը շարունակվում է, վտանգված է լիճը եւ ձկնապաշարբերը պետք է վերականգնվեն, արդեն իրենք են շատ ավելի շատ ելույթ ունենում, խոսում։ Կառավարությունը մի փոքր օրենքի փոփոխություն մտցրեց, որ թույլատրվեց որսը, որովհետեւ մեկ է՝ գողանում են, բայց մենք ասացինք՝ երբ մարդը զգում է պատասխանատվություն եւ վախով է անում ուրիշ է, իսկ երբ բաց ես թողնում, ասում ես՝ գնա ու արա, դա լրիվ ուրիշ է։ Հետո տեսան, որ չեն կարողանում դիմացն առնել, ինչ-որ թվեր, օրենքներ փոխեցին, իբր թե ավելի քիչ պետք է վերցնեն։ Թե ով է ստուգում՝ գյուղացին ինչքան է որսում, անհայտ է»,- ասաց նա։

Բնապահպանի խոսքով` միակ մարդը, որ զբաղվում էր դրանով, նախկին տեսչականի պետ Արթուր Գրիգորյանն էր, որը շատ լուրջ զբաղվում էր դրանով, սակայն նրան հանեցին աշխատանքից։

«Հիմա ոչ մեկին պետք չի դա, տեսչական մարմինն էլ անպետք մի կառույց է, որը բյուջեից գումար է ստանում։ Միակ բանը, որ տեսնում ենք՝ այստեղ 5 հոգու բռնեցինք ծառ կտրելուց։ Շատ լավ է, բայց չէ որ Հայաստանում էլի լուրջ խնդիրներ կան։ Նրանք չեն բռնում գլոբալ ցանցի մեջ գտնվողներին, այլ մասնավոր մարդկանց։ Երկար տարիներ այդ խորհրդի անդամ եմ եւ փորձում էի ինչ-որ ձեւով կառույցի վրա ճշում գործադրել, փորձել աշխատեցնել, բայց Տերտերյանի օրոք, երբ նոր էր ստեղծվել այդ կառույցը, շատ ավելի լավ էին աշխատում, քան հետո։ Միակ մարդը, որ փորձեց ինչ-որ բան անել, Արթուր Գրիգորյանն էր, ում չգիտես՝ ինչու, բռնեցին ու սիրուն հանեցին, ասացին՝ գնա, տղա ջան, քիթդ մի խոթիր քեզ չվերաբերող խնդիրների մեջ։ Դրա համար էլ նույն արագիլների խնդիրը չի լուծվում, շղթայական ռեակցիա է։ Նախարարությունն էլ շատ լավ վիճակում է, մասնագիտական կազմ չունի, եթե փոփոխություն է լինում, պետք է գլոբալ լինի, կազմը պետք է գրագետ լինի, աշխատող, այնինչ իրականում չգիտես՝ ինչ մարդիկ են այնտեղ նստած։ Էրիկ Գրիգորյանը, ով շատ պատրաստված մասնագետ է, բոլորից պատրաստվածւը նա էր այնտեղ ժամանակին դուրս եկավ, որովհետեւ հասկացավ, որ հետո այդ ամեն ինչը բարդվելու է իր վրա, ստիպված է լինելու այդ ամենի համար պատասխան տալ, տակից դուրս գալ»։