Հայաստանում պետական պարտատոմսերի շուկան ավելի կայացած է, քան նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասում: Այդ մասին այսօր` մայիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարության պետպարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը: Օրինակ` Ադրբեջանում ներքին պետական պարտքի շուկան որպես այդպիսին գոյություն չունի, քանի որ երկիրը մինչ օրս չի կարողանում ձերբազատվել շուկայական գործընթացներին պետության անհարկի միջամտության նախկինից ժառանգած սովորույթից: Իսկ այն ինչ առկա է Վրաստանի ներքին շուկայում` կարող է համեմատվել 90-ական թվականների վերջերի հայաստանյան իրականության հետ, երբ պարտատոմսերի փոքրածավալ թողարկումները դիտարկվում էին որպես մեծ հաջողություն:   

Հիշեցնենք, որ 2011 թ. հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանի պետական պարտքը 3.8 մլրդ դոլար էր, որից 500 մլն դոլարն է ձեւավորվել ներքին պարտքի հաշվին: Սակայն պետական պարտքի քաղաքականության մեջ աստիճանաբար անցում է կատարվում դեպի ներքին պարտքը: