Իլհամ Ալիեւը բարդ արկածախնդրության մեջ է հայտնվել, եւ ամենայն հավանականությամբ կորցրել է աշխարհաքաղաքական հոտառությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Նա Էրդողանի հետ փաստացի փորձում է փոխել աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաեւ ավելի մեծ աշխարհաքաղաքական տարածքում: Թուրքիայի պահվածքը նշանակում է, որ նա փաստացի մարտահրավեր է նետում Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին եւ նույնիսկ ԱՄՆ-ին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին, ապա այստեղ ամեն ինչ պարզ է: Դա պանթյուրքիզմի դրսեւորում է: Հայաստանի եւ Ղարաբաղի ուղղությամբ թուրքերի հիմնական հարվածն ուղղված է ոչ այնքան մեր դեմ, որքան այդ պետությունների ու դրանց շահերի դեմ: Հետեւանքներն անդրադառնում են ավելի մեծ տարածքների վրա՝ Կենտրոնական Ասիա, Պովոլոժյե, Հյուսիսային Կովկաս, Իրան, Մերձավոր Արեւելք, Սինցզյան-Ույգուրի ինքնավար շրջան: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այստեղ հարց է առաջանում. արդյո՞ք Վաշինգտոնը գիտեր, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իր զորքերը տեղակայում է Հարավային Կովկասում: Եթե գիտեր, ապա ինչո՞ւ չէր խոչընդոտում: Առավել քան վստահ եմ, որ չգիտեր, քանի որ անհնար է պատկերացնել նման արկածախնդրությանը Վաշինգտոնի «դոբրոն»: Չափազանց վտանգավոր է եւ չափազանց հակասում է հենց Ամերիկայի շահերին: Փաստացի ստացվում է, որ Անկարան աշխարհին ցույց է տալիս, որ Վաշինգտոնը թուլացել է, եւ որ իրենք կարող են անտեսել ԱՄՆ-ի կարծիքն ու անել այնպես, ինչպես ցանկանում են: Եզրակացությունը՝ կամ Անկարան փորձում է Վաշինգտոնին ներքաշել իր կամքին հակառակ կամ էլ պարզապես անտեսում է: Անկարայի համար ազդանշան են նաեւ ԱՄՆ-ում բողոքի ակցիաները: Այսինքն՝ Անկարային թվում էր, թե Վաշինգտոնն այնքան է թուլացել, որ կարելի է անտեսել: Իրավիճակի հարցով ՆԱՏՕ-ի դիրքորոշումը հայտնեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով հայտարարեց, որ Թուրքիայի գործողությունները ոչ մի շրջանակի մեջ չեն տեղավորվում: Եթե Վաշինգտոնը դա կուլ տա, ապա հետեւանքներն անկանխատեսելի կլինեն: Իսկ այն, որ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը չպետք է թույլ տան թուրքական հարձակում Անդրկովկասում, միանշանակ է: Հակառակ դեպքում մեզ համար եւս հետեւանքները ցավալի կլինեն: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի, ապա վերջինս շոկի մեջ է Թուրքիայի գործողություններից: Խոստովանել, որ նրանց անտեսում են, նշանակում է խոստովանել այդ կազմակերպությունում լրջագույն խնդիրների առկայությունը: Թուրքիային տեղը դնել եւս չեն կարող: Փաստացի, Թուրքիան դիմակայում է ամբողջ աշխարհին, սակայն նման ներուժ Թուրքիան չունի»,-ասաց Դավիթ Բաբայանը: