ԵՊՀ-ում մայիսի 25-ին տեղի կունենա «Կիրառական կենսաբանություն» մագիստրոսական նոր ծրագրի շնորհանդեսը:
«TEMPUS MPAB» (Master Program in Applied Biosiences) ծրագրի շրջանակներում եվրոպական (Արեւմտյան Անգլիայի, Սալոնիկի Արիստոտելի անվան, Ալեկանտեի համալսարաններ) եւ վրացական (Ի. Ջավախաշվիլիի անվան, Ա. Ծերեթելիի անվան, ինչպես նաեւ Վրաստանի պետական ագրարային համալսարաններ) համալսարանների հետ համատեղ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանում մշակվել է «Կիրառական կենսաբանություն» մագիտրոսական նոր ծրագիրը:
Ծրագիրը մշակվել է հետեւյալ ուղղություններով` առողջապահական կենսատեխնոլոգիա, սննդի կենսատեխնոլոգիա, գյուղատնտեսական կենսատեխնոլոգիա, բնապահպանական կենսատեխնոլոգիա, որոնց ուղղությամբ կպատրաստվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Կիրառական կենսաբանությունը երկրի տնտեսական առաջընթացին նպաստող կարեւորագույն ուղղություն է:
Հանդիպմանը ներկա կլինեն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՊԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, TEMPUS գրասենյակի հայաստանյան համակարգող Լանա Կարլովան, ով հանդես կգա ««Տեմպուս» ծրագրի կարեւորությունը կրթական համակարգի զարգացման համար» զեկույցով: Զեկույցներով հանդես կգան նաեւ ԵՊՀ-ՀՊԱՀ ծրագրերի համակարգողներ Նելլի Հովհաննիսյանը եւ Հովիկ Սայադյանը:
Միջոցառման ընթացքում ակադեմիական համագործակցության եւ կրեդիտների փոխճանաչման համաձայնագիր կստորագրվի Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի միջեւ:



























