Համակարգում ստացվող քաղաքացիական գործերի քանակական աճը կապված է դատական համակարգի հանդեպ հայ հանրության վստահության աճի հետ։ Այս մասին նոյեմբերի 4-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով ու Պետաիրավական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ պատասխանելով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին, որը հետաքրքրվեց, թե ինչպես կարելի է ըստ որակական ցուցանիշի գնահատել դատական համակարգի հանդեպ հանրության վստահությունը։

Փոլադյանը նշեց, որ դա նուրբ հարց է։ «Ես հակված եմ կարծելու, որ դատական մարմիններում ստացվող գործերի քանակությունը, այդ թվում Վճռաբեկ դատարանի ստացած գանգատների թվի մեծացումը վկայում են դատական համակարգի հանդեպ մեծ վստահության մասին»,- ասաց Փոլադյանը՝ թվեր ներկայացնելով։

Նրա խոսքով՝ վերջին 6 տարում իրենք ստացել են 48 540 քաղաքացիական գործ։ Ընդ որում՝ արդեն այս տարի, այսօրվա դրությամբ, ընդունվել է մոտ 200 հազար քաղաքացիական գործ, այսինքն այդ թիվն աճել է գրեթե 4-5 անգամ։

«Սա վկայում է այն մասին, որ բնակչությունն ի վերջո փորձում է իր խնդիրները լուծել դատական մարմինների միջոցով»,- նկատեց Փոլադյանը։