Վերջին օրերին PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ հայտնած թուրքական Yeni Akit պարբերականի հերթական լուրն ու լուսանկարը Թուրքիայում հակասական արձագանքների է արժանացել։

Yeni Akit-ը հրապարակել է մի լուսանկար, որտեղ Օջալանի եւ PKK-ի առաջնորդի հետ կողք-կողքի կանգնած է հայ հոգեւորական։

Պարբերականն այս համատեքստում հիշեցնում է Օջալանի կողմից 2004-ին հնչեցված մի հայտարարություն, որտեղ համեմատություն էր տարել Քրիստոսի հետ՝ նշելով, որ PKK-ի անդամներն սկզբում եղել են 12 հոգի։  Հրապարակման մեջ հիշատակվում է Օջալանի մի նամակ ուղղված Հռոմի Պապին. «Սուրբ Հայր, Քրիստոնեությանը շատ մոտ եմ։ Ձեր անձին եւ հավատքին ուղղված իմ հարգանքն իմ պատերազմի եւ գաղափարների կենտրոնում է։

Yeni Akit-ը հիշատակում է նաեւ այս տարվա հունվարին ամերիկյան The New York Times-ի հրապարակման մեջի լուսանկարը, որտեղ PKK-ի կին զինյալը ծնկի է իջել Սուրբ Մարիամ Աստվածածնի սրբապատկերի առաջ։

Թերթը նշում է նաեւ, որ նախորդ ամիս Ռումինիայի մայրաքաղաքում կազմակերպված մի միջոցառման քրդերին անվճար Աստվածաշունչ եւ քրիստոնեություն քարոզող տեսաերիզներ են բաժանել, իսկ դրանք վերցելուց հրաժարվողների վրա PKK-ն ճնշում է գործադրել։ «Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության անդամ Իբրահիմ Բինիջին հայտնել էր, թե անհրաժեշտ է ստեղծել քրդական եկեղեցի, իսկ նույն կուսակցության մեկ այլ անդամ Այլա Աթաքը նշել է, թե լավ կլինի, որ քրդերը թողնեն իսլամն ու քրիստոնեություն ընդունեն»,-գրել է Yeni Akit-ը։

Թուրքական պարբերականը նաեւ լուսանկար է հրապարակել, որտեղ քուրդ զինյալները որսված վայրի խոզի միսն են մշակում։  «Ահա,  Թուրքիայի հարավ-արեւելքում իմամներին կոտորող, եկեղեցու ստեղծման նախաձեռնություն ցուցաբերող PKK-ի կողմնակիցներն ինչով են սնվում»,-նշվել է հրապարակման մեջ։

Այս հրապարակմանը անդրադարձած թուրքական Ensonhaber-ը նշել է, թե անհրաժեշտ է հիշեցնել Yeni Akit-ին, որ նման բնույթի սեւ քարոզչությունն ու ապատեղեկատվությունը չի նպաստում ոչ քրդական խնդրի կարգավորմանը, ոչ էլ PKK-ի հարցի վերացմանը։