Սպիտակի երկրաշարժի տարելից առիթով տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ։ Գյումրիի կենտրոնական փողոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանիա յցի կապակցությամբ, անվտանգության նկատառումներով, փակվել են։ Նա ծաղկեպսակ է դրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ, հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Հիշատակի պատարագը Շիրակի թեմի առաջնորդը մատուցել էր մինչեւ այդ՝ Յոթվերք եկեղեցում: «Նրա ներկայությունն ինձ համար ցանկալի չէ, տհաճ է, հետևաբար նրա ներկայությամբ ես հոգեհանգստի կարգ չեմ մատուցել», պարզաբանել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սպիտակի երկրաշարժի տարելիցի առիթով Հայաստանի պաշտոնակցին ցավակցել է Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաեւ ղարաբաղյան խնդրին։ 

«Մենք նոր-նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության թեժ փուլից: Կցանկանայի նշել եռակողմ հայտարարության կարեւոր նշանակությունը, որն այսօր արդեն շատերն են ստիպված ընդունել, որը դադարեցրեց պատերազմը եւ թե՛ փախստականների, թե՛ ներքին տեղահանված անձանց իրենց օջախներ վերադարձը թույլ տվող պայմանավորվածություն ապահովեց»:

Լավրովը նշել է, որ ռուսական կողմը Ղարաբաղում իր խաղաղապահների միջոցով նպաստելու է գերիների արագ փոխանակմանը: «Գիտենք, թե դա որքան սուր թեմա է նրանց հարազատների, մտերիմների եւ ընկերների համար, որոնք գերության մեջ են հայտնվել: Եվ անկասկած, զոհվածների մարմինների փոխանակումը: Սա նույնպես խնդրի անչափ զգայական մասն է, որն անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծել»,- ասել է նա, նաեւ շեշտել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է հատուկ ուշադրություն հատկացնեն Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության օբյեկտներին եւ խթանեն այդ ուղղությամբ առաջընթացը: Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում կատարած դերի համար։

Հայաստանին առնչվող  սկանդալային հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Աքդենիզի համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ Չավուշօղլուն ասել է. «Մենք Հայաստանի հողերի վրա աչք չունենք։ Հիմա էլ ասում ենք, որ կարգավորումը հայ ժողովրդի օգտին է լինելու։  Այդ իսկ պատճառով մենք կողմնակից ենք արդար կիսվելուն։ Մենք իրավական տեսանկյունից էլ ենք ուժեղ եւ առաջիկայում այդ ուժն օգտագործելու ենք բոլորին օգուտ տալու համար»։

Արցախի Արտակարգ իրավիճակների  փրկարարական ջոկատները շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնումները: Դրանք գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում,  Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաև Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում: Կողմերի հետ բանակցելուց հետո որոնումներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում:

Այսօր 300-ից ավելի մեր  երիտասարդներ դեռ անտառներում են․ Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած «Ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագրի որոշման մասին» խորհրդարանական լսումների ժամանակ ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Վազգեն Մանուկյանին որպես վարչապետի թեկնածու առաջադրելու 16 ուժերի որոշմանը «Լուսավոր Հայաստանը» հարգանքով է վերաբերվում, բայց որպես խորհրդարանական ուժ, վարչապետի թեկնածուով է ընտրություններին մասնակցել, եւ հետեւաբար  ունի վարչապետի թեկնածու, այդ լսումների ժամանակ ասել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ հավելել, որ հանդիպում է ունենալու Վազգեն Մանուկյանի հետ:

Մարուքյանը ներկայացրել է կուսակցության մշակած «ճանապարհային քարտեզի» 13 կետերը, որոնցից առաջինը  գործող վարչապետի հրաժարականն է: Լսումներին  «Իմ քայլի» պատգամավորները հրաժարվել են մասնակցել: 

Ֆեյսբուքում Էդմոն Մարուքյանը գրել է, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացրած դիմումը։ Մայր օրենքի փոփոխությունների վերաբերյալ նախագիծն, ընդդիմադիր խմբակցությունների համոզմամբ, ընդունվել է խախտումներով։

Շիրակի մարզի Բենիամինի եւ Ազատանի համայնքապետարանները եւս պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հիշեցնենք, որ  Փաշինյանի հրաժարականն են պահանջել նաեւ Արարատի ու Կոտայքի մարզերի մի շարք գյուղերի եւ քաղաքների ղեկավարներ, նաեւ Սյունիքի մարզի բոլոր համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 407 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142344-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 18 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ  մարդը վարակված է եղել, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 2939 է։

Գիտությունների ազգային ակադեմիան  պահանջել է անհապաղ Ազգային ժողովից հետ կանչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին»  օրենքի նախագիծը։ Ակադեմիան շեշտել է, որ կառավարությունն այդ որոշումն ընդունել է, երբ երկրում հրատապ լուծում պահանջող  բազմաթիվ այլ խնդիրներ կան։  Այդ նախագծով կազմաքանդվում է գիտությունների ակադեմիական համակարգը, վտանգի տակ է դրվում հիմնարար գիտությունների զարգացումը, վերացվում են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված ԲՈՒՀ-ական և գիտական ինքնավարությունը, խախտվում են կրթության, գիտության հիմնական շահառուների իրավունքներն ու օրինական շահերը, նշված է հայտարարությունում

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.29 դրամով եւհասել  512.54 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.38 դրամով ու կազմել է 619.76 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 9.39 դրամով ու կազմել է 679.78 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել 6.89 դրամի:

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, նաեւ մառախուղ։ Երևանում սպասվում են թույլ տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Գիշերը մայրաքաղաքում կլինի -1-ից +1, վաղը ցերեկը 4-ից 6 աստիճան զրոյից բարձր։