Պատերազմից  37 օր անց շարունակվում են Հայաստանի մարդկային ու տարածքային կորուստները։ Նախօրեին Արցախի հյուսիս-արեւելքում՝ զորամասի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել 18-ամյա Վահե Բաբայանը: Ժամկետային զինծառայողը մահացել է դեռեւս չպարզված հանգամանքներում։

Վերջին օրերին ոչ պաշտոնական տեղեկություններ են տարածվում Արցախում նոր գերեվարված զինծառայողների վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ համանքներում ադրբեջանցիների հետ մարտերի ընթացքում շրջափակման մեջ հայտնված եւ գերեվարված զինծառայողների մասին է, որոնց թիվը որոշ տեղեկություննով մոտ 170 է։ Միաժամանակ, ադրբեջանական կայքերը տեսանյութեր են հրապարակել գերեվարված զինծառայողներից։ ՊՆ եւ պաշտպանության բանակը երկար ժամանակ լռում էին։ Միայն այսօր կեսօրին կարճ հաղորդագրություն տարածեց պաշտպանության բանակը, հայտնելով, որ անհայտ պայմաններում նախօրեից կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ 

Ավելի ուշ Արցախի Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ Խծաբերդի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայող։

Իսկ քիչ անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Խծաբերդի ուղղությամբ տասնյակ գերեվարվածներ կան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկոյան «Ազատության» եթերում ասաց, որ իր տեղեկություններով նաև ռուս խաղաղապահներ են ընկել շրջափակման մեջ: Նա հայտնեց նաեւ, որ կապի խնդիր կա եւ այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք։ 

Ադրբեջանական կայքերում տարածված գերիների տեսանյութերում Շիրակի մարզի բնակիչները ճանաչել էին իրենց հարազատներին, որոնք ՄՈԲ-ով ծառայություն էին իրականցնում Խծաբերդի ուղղությամբ։  Նրանք այսօր ճանապարհներ էին փակել Շիրակում ՝ պահանջելով պատկան մարմիններից անհապաղ քայլեր ձեռնարկել գերիներին վերադարձնելու ուղղությամբ:

Պատերազմի ընթացքում անհետ կորած զինվորների հարազատներն այսօր փակել են Երևան-Գորիս միջպետական ճանապարհը՝ Վայքի հատվածում։ Ոստիկանները փորձել են բանակցել նրանց հետ, որպեսզի երթևեկությունը վերականգնվի, սակայն ապարդյուն։

Առավոտից պաշտպանության նախարարության շենքի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների հարազատների նյարդերը տեղի են տվել․ նրանք, կոտրելով դուռը, մտել են գերատեսչության շենք եւ հայտարարել, որ չեն հեռանա, քանի դեռ չեն  ձեռնարկվել գործուն քայլեր՝ իրենց որդիների հայտնաբերման ուղղությամբ:

Արդեն նախարարության տարածքում հայտնված քաղաքացիներից մեկը հայտարարել է, որ իր որդու կորստյան համար վաղ թե ուշ հաշիվ է պահանջելու անձամբ Փաշինյանից։

Եղբորն ու եղբոր որդուն փնտրող Արսեն Ղուկասյանը Արցախից հայտնել է, որ այսօրվա տվյալներով՝ 64 մարմին է դուրս բերվել. 41-ը` Ջաբրայիլից, 23-ը`Ֆիզուլիից:

Հերթական տեսաուղերձում սկանդալային բացահայտումներ է արել Արցախի նախագահը։ Նա ասել է, թե դուրս է գալիս «Ազատ հայրենիք» կուսակցությունից, որի նախագահն էր մինչեւ օրս, պաշտպանական հարցերում որոշումները կայացնելու է Անվտանգության խորհրդի համաձայնությամբ, որը, հիշեցնենք՝ պատերազմից հետո գլխավորում է գեներալ Վիտալի Բալասանյանը։

Արցախի նախագահը հայտարարել է նաեւ քաղաքականությունից դուրս գալու մասին: «Ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից»,- ասել է նա։

Արայիկ Հարությունյանը կատարվածի համար պատասխանատվության սլաքներն ուղղել է Հայաստանի իշխանության կողմը։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում եւ թե որքանով է Արցախի նախագահն ընդգրկված այդ գործընթացներում։

Հարությունյանը խոստովանել է, որ պատերազմը հնարավոր էր ավելի շուտ կանգնեցնել ավելի նվազ տարածքային ու մարդկային կորուստներով, բայց խոստացել է հետո բացահայտել մանրամասները։

Մահացել է Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։ Վովա Փաշինյանը  80 տարեկան էր,  տեւական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։ Նա եղել է Հաղարծին գյուղի ֆիզկուլտուրայի ուսուցիչը։

Երեւանում հերթական «արժանապատվության երթն» է կայացել՝  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երթը մեկնարկել է Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ Կրկեսի մոտից: «Հայրենիքի փրկության շարժումը» այս շաբաթ ամեն օր երթ է նախատեսել, իսկ շաբաթ օրը Ազատության հրապարակում կկայանա շարժման հանրահավաքը:

Երթի ավարտին կազմակերպիչները հայտարարել են, որ երեքշաբթի Հայաստանի տարածքում կլինեն գործադուլներ, դասադուլներ, անհնազանդության ակցիաներ։

Ցուցարարների մի խումբ էլ օրվա առաջին կեսին  Փաշինյանի պաշտոնանկության պահանջով բողոքի ակցիա է իրականացրել կառավարության բակում։ Ցույցի մասնակիցներն իրենց հետ բերել էին Փաշինյանի պատկերով խրտվիլակ։

Վերաքննիչ դատարանը վերացրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։ Դիվանագետի  փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ մեկուկես տարի ձգվող այս քաղաքական-քրեական գործում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն չորրորդ անգամ ձախողվում է իր բաղձալի նպատակին հասնելու ճանապահին։ 

Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ազգային Ժողովի աշխատակազմի աշխատակիցներին կրկին պարգեւավճար է տրվել աշխատավարձի 100 տոկոսի չափով, սակայն պարգեւավճարի կարգադրությունը գաղտնի է պահվում։  Այս հրապարակումից հետո Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարը պարզաբանում տարածեց, որ աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են «13-րդ աշխատավարձով»։

Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ մահացել է կորոնավիրուսով վարակված 3193 մարդ։ Երեկ մահացել է 38 մարդ, որոնցից 11-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Անցած մեկ օրում գրանցվել է վարակվելու 1098 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվն անցել է 150 հազարից։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.19 դրամով ու կազմել  524.90 դրամ: Եվրոյի փոխարժեքն  աճել է 2.29 դրամով ու հասել 640.64 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 9.93 դրամով ու հասել  709.51 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով ու կազմել  7.16 դրամ:

Դեկտեմբերի 17-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով:  Երեւանում սպասվում են տեղումներ: Գիշերային եւ առավոտյան ժամերին կնկատվի մառախուղ: Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +6+8: