Անհետ կորածների հարազատները հավաքվել են Շիրկի մարզպետարանի դիմաց եւ բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք նշել են, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում տեսել եւ ճանաչել են իրենց հարազատ երիտասարդներին, որոնք գերեվարվել են Ադրբեջանի կողմից: Մարզի բնակիչները հանդիպել են մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել գերիներին վերադարձնելու ուղղությամբ:
Բացի այդ, անհետ կորածների ու գերիների հարազատները փակել են Գյումրի- Երևան ճանապարհի Ազատանի հատվածը, նաեւ Գյումրի-Արմավիր ճանապարհի Իսահակյանի հատվածը: Ճանապարհներ են փակվել նաեւ Քեթիում, Աշոցքում: Բողոքող բնակիչները հայտնել են, որ գերիներ կան Շիրակի մարզի տարբեր գյուղերից՝ Քեթիից, Ազատանից, Զույգաղբյուրից, Մուսայելյանից, Սալուտից, Վարդաղբյուրից եւ այլն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՊՆ-ի մոտ առավոտից հավաքվել են անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները: Նրանք բորբոքված կոտրել են դուռը, մտել են ՊՆ շենքի տարածք:
Նշենք, որ նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ 100-ից ավելի զինծառայողներ գերեվարվել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղել եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:
Այս առնչությամբ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»:
Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, որոնք տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:






























