Մայրաքաղաքում երկարատեւ պասիվությունից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» կրկին ակտիվացել է. շարժման կոչով Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել քաղաքացիներ, որոնք պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը:

Կոչում շեշտվել էր, որ նիստի օրակարգում ընդգրկված են հակապետական օրինագծեր:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն եմ տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, մասնավորապես, ընդունվել է դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, որի կետերից մեկով ավելանալու են դատավորների հաստիքները։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ հանրությունը միամտորեն ակնկալում էր, որ խորհրդարանի օրակարգում պետք է լինեին  ռազմագերիների, տասնյակ հազարավոր տեղահանված արցախցիների, արտագաղթի  խնդիրները, թե ինչպես են հարբած ադրբեջանցիները Սյունիքում կրակում, պաստառ բարձրացնում, մինչդեռ իշխանությունը լուծում է իրեն ցանկալի դատարանները ստեղծելու հարցը։ Զոհրաբյանն ահազանգել է, որ երեկվանից սկսվել է արտագաղթը, որ մարդկանց մեծ հոսքի պատճառով Երեւան-Մոսկվա միակողմանի տոմսը երեկ որոշ ավիաընկերություններ հասցրել են  1050 դոլարի:

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը մեկնաբանել է, թե ինչու է խորհրդարանը փոխել դատական օրենսգիրքը. Ըստ նրա՝  Փաշինյանը որ օղակից բավարարում չի ստանում, ուզում է այն փոխի։

Ընդդիմության առաջնորդների նախօրեի հանդիպման մասին խոսելով Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն ասել է, որ շարժումը չի պառակտվել, շարունակում է գործել իր օրակարգով, դրանում վարչապետի թեկնածուին փոխելու հարց չկա, իսկ անհնազանդության բողոքի ակցիաները, երթերը, ցույցերն ամբողջ ծավալով իրականացնելու է։

Կարմիրբերետավորները Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մի քանիսին բռնությամբ բերման են ենթարկել։ Նրանց թվում էր նաեւ դաշնակցական գործիչ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրարերի տնօրեն Գեղամ Մանուկյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցներն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին թուրքի հարճի զգեստ էին բերել Ազգային ժողով եւ հանձնել Ազգային Ժողովի ընդունարան, որպեսզի փոխանցեն պատգամավորին:

Հավաքվածներն իրենց հետ բերել էին նաեւ աթարով լցված ուսապարկեր, որոնք նետել են ԱԺ դարպասներից ներս։ Ըստ ակցիայի մասնակիցների՝  դրանք խորհրդանշում են հակահայ հայտարարություններ անող իշխող խմբակցության պատգամավորներին։

Անուշ Բեղլոյանը հերքել է իրեն վերագրվող արտահայտությունները, որոնք նա, ըստ մամուլի՝ ասել էր ինչ-որ տարածաշրջանային հեռավար համաժողովի ժամանակ։ Նա դժգոհել է ԼՀԿ խմբակցությունից Գեւորգ Գորգիսյանից, որն «Իմ քայլը» խմբակցությանն առաջարկել է զրկել իրեն մանդատից։ Ըստ Բեղլոյանի՝ միակ արտահայտությունը, որի վրա կառուցվել է ամբողջ սուտը, եղել է ի պատասխան թուրք ներկայացուցչի պնդման, թե Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը:

Իսկ Ազգային ժողովի դիմաց  Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի կառավարության շենք, ճանապարհին փակել Բաղրամյան պողոտան, ապա առաջ շարժվել, ամբողջ ճանապարհին վանկարկելով «Նիկոլ դավաճան» եւ «Առանց Նիկոլ Հայաստան»։   Նույնը նրանք արել են Հանրապետության հրապարակում եւ ավարտել ակցիան։

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող, վերջին պատերազմում որդի կորցրած  Գեղամ Նազարյանը հայտարարել է, թե  որքան Փաշինյանն ուշացնի հրաժարականը, այնքան ատելությունն ավելի ու ավելի է մեծանալու, այնքան խնդիրը հանգիստ լուծելու տարբերակները նվազելու են:

Նազարյանը նաեւ ասել է, որ նախաձեռնել  են «Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին» խորագրով ծրագիրն, ըստ որի՝ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի ընտանիքները պետք է լքեն կառավարական առանձնատները, որտեղ պետք է հանգրվանեն եւ բուժվեն պատերազմում վիրավորված տղաները։ Նա նաեւ կոչ է արել սփյուռքի հայերին՝ «լումա անգամ չտալ Փաշինյանի ընտանիքին»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է անհայտ կորած զինվորների ծնողներին ու մտերիմներին, որ ադրբեջանցիները շարունակում են տղաների հեռախոսներից ու սոցցանցերից գրել, հույսեր ներշնչել։ «Մինչեւ հիմա նրանք շարունակում են մարդկանց ցավ պատճառել։ Ամեն դեպքում աշխատում են ամենացավոտ տեղին խփել՝ հույսին», գրել է նա։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է դատավորին ինքնաբացարկի մասին միջնորդությունը: Փաստաբաններից Արամ Վարդեւանյանն ասել է, որ իրենց չի զարմացրել դատարանի որոշումը։

Աբովյան քաղաքի N1 դպրոցում գործադուլ-դասադուլ է։ Կոլեկտիվը բողոքում է, որ Կոտայքի նախկին մարզպետ, հիմա շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի միջամտությամբ դպրոցի տնօրեն է նշանակվել նրա կնոջ ընկերուհին: Դպրոցի անձնակազմն այսօր ժամեր շարունակ թույլ չի տվել, որ նորանշանակ տնօրենը դպրոց մտնի։ Նա երեկոյան դպրոց է մտել մեծ թվով ոստիկանների ուղեկցությամբ։ Ուսուցիչներն էլ ի նշան բողոքի լքել են դպրոցի շենքը։

Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը եւ դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար:  Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբից հայտնում են, որ մինչեւ այդ համանման բանաձեւ էր ընդունել Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի իրավական հանձնաժողովը։ Որոշման ընդունման համար ջանքեր է գործադրել հայ համայնքը։

Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզպետարանում խորհրդակցությունից հետո շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ։ Ուշագրավ է, որ նա ոչ թե լայվ է մտել քաղաքացիների հետ իր հանդիպումից, ինչպես անում էր նախկինում, այլ տեղադրել է մոնտաժված տեսանյութ, որում միայն իրեն աջակցող քաղաքացիներ են։

Անցած 3 տարվա ընթացքում Ռուսաստանի անձնագրեր է ստացել Հայաստանի շուրջ 82 հազար քաղաքացի: Ըստ տարիների՝  2018-ին Դաշնության անձնագիր է ստացել ավելի քան 27 հազար, 2019-ին` 24 հազար, իսկ 2020-ին` շուրջ 31 հազար հայաստանցի։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167421-ի: Մեկ օրում մահացել է 12 վարակված, որոնցից 5-ի մահն, ըստ առողջապահության նախարարության, վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 3873 է:

Ալեքսեյ Նավալնու դատավճռից հետո Ռուսաստանում հակակառավարական ցույցերը շարունակվել են։ Ոստիկանությունը ձերբակալություններ է սկսել Մոսկվայի կենտրոնական Մանեժնայա հրապարակում: Ոստիկանությունը նաեւ փակել է Մետրոյի մի քանի կանգառներ, գնացքները այստեղով երթեւեկում են առանց կանգառի: «Իվ Ռոշե» ընկերությունից 30 միլիոն ռուբլի շորթելու համար ազատազրկման դատապարտված Նավալնուն ազատ արձակելու կոչով հանդես են եկել Միացյալ Նահանգները, Գերմանիան եւ Բրիտանիան:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.95 դրամով ու հասել 520.15 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.94 դրամով ու կազմել 625.58 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.89 դրամով ու կազմել 709.74 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝  6.84 դրամ մեկ ռուբլու դիմաց:

Հայաստանում փետրվարի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 2 օրվա ընթացքում եղանակը գիշերային ժամերին աստիճանաբար կտաքանա 5-6 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը` +8 +10