ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ մարտի 2-ին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթը սկսեց Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր եղած ելույթից մեջբերմամբ, որտեղ ասվում է. «Կասեցրեք ձեր հանրապետական կուսակցական բանդաների գործունեությունը բուհերում. Դպրոցները վերածել եք կուսակցական ընտրակեղծարարության որջերի»:

Այնուհետեւ Զոհրաբյանը շարունակեց. «ինքը տարիներ շարունակ այս ամբիոնից իրավացիորեն խոսում էր վարչական ռեսուրսի կիրառման մասին: Երեկ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքը վարչական ռեսուրսի կիրառման գլուխգործոց էր՝ իշխանության բոլոր թեւերի, ՏԻՄ բոլոր կառույցների, մարզպետարանների, գյուղապետարանների, դպրոցների, հիվանդանոցների, կոշիկի արտադրամասերի, վարսավիրանոցների համատեղ գալա-համերգ: Հանվեցին անգամ բոլոր նիսյաների տետրերն ու մարդկանց այլեւս նիսյայով հաց չտալու սպառնալիքի տակ բերվեցին հանրահավաքի: Իսկ իշխանության դուստր ձեռնարկության կարգավիճակ ստացած օլիգարխները մարդ  մատակարարելու գործում սահմանեցին ստախանովյան ռեկորդներ: Ես իմ կյանքում չէի տեսել վարչական ռեսուրսի նման զարհուրելի  օգտագործում, ինչն արվեց իշխանության մարտիմեկյան հանրահավաքի մասովկան ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանն այսօր անում է այն, ինչի դեմ տարիներ շարունակ պայքարել է որպես լրագրող եւ ընդդիմադիր պատգամավոր»:

Զոհրաբյանի խոսքով, մարտի 1-ից 13 տարի անց իշխանությունը  արցախյան պատերազմում մեր պարտությունը, հազարավոր տղաների մահը, անհետ կորածների եւ ռազմագերիների հարցը նշեց «դըմփ-դըմփ-հու»-ներով, Երեւանի փողոցներով վուվուզելներով կրուիզ անելով. «Տպավորություն էր, որ մենք պատերազմում չենք պարտվել, որ 5 հազար եւ ավելի զոհերը միֆ են, որ չունենք գերիներ, որ աֆրիկյան վուվուզելները մայրաքաղաքում ազդարարում էին Ադրբեջանի հաղթանակը: Ես հրաժարվում եմ երեկվա փարթիի մասնակիցներին, անկախ նրանից՝ նրանք բերման ենթարկված էին, թե ինքնաբուխ ներկաներ, տոնական այդ երթի մասնակիցներին հասկանալ: Մայոնեզի եւ կետչուպի իշխանական այդ դերասանը մտահոգվելով Ադրբեջանի եւ Թուրքիայի  կոնֆորտով, երեկ հյայտարարեց. «Թուրքիան եւ Ադրբեջանը վերջապես ուզում են քաղաքակիրթ հարեւանով քաղաքակիրթ հարեւան: Փաստորեն մայոնեզի ռեկլամի տղայի համար հայ զինվորին գլխատած, հայ ծերունուն ողջ մորթած քաղաքակիրթ Ադրբեջանն ու իր բայրաքթարներով հազարով հայ զինվորներ սպանած Թուրքիայի հետ միասին Հայաստանում իր ճաշակով իշխանություն է ուզում: Սա զարհուրելի է, բայց ավելի զարհուրելի է, որ կետչուպի ռեկլամի տղայի նման մտածող, Արցախը գլխացավանք համարող  մենք էլի քաղաքացիներ ունենք, ցավոք շատ: Բայց ես անուղղելի լավատես եմ եւ մի րոպե չեմ կասկածում, որ հայը, քաղաքացին հաղթելու է թուրքական կետչուպային մտածողությանը: Եվ ուրեմն կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են առանց Նիկոլ Հայաստանում»: