Մի քանի տասնյակ միլիարդ դոլար արժողությամբ խաբեության համար 150 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի խարդախ Բեռնի Մեդոֆը մահացել է բանտում, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրին:

Մեդոֆը վախճանվել է բնական մահով Հյուսիսային Կառոլինայի Բաթներ քաղաքում, որտեղ կրում էր իր պատժաժամկետը: Նա 82 տարեկան էր:

«Դարի խարդախ» Բեռնար Մեդոֆը 2009-ի հունիսին դատապարտվել էր 150 տարվա ազատազրկման: Այդ ժամանակ նա 71 տարեկան էր: Դատարանում նա խոստովանել էր, որ 20 տարի խաբել է ներդրողներին ու կարգավորողներին: Նա ոչ մի գործարք չէր կատարել, այլ պարզապես ամբողջ գումարը փոխանցել էր մի բանկային հաշվից մյուսին՝ հաճախորդների պահանջով միջոցները վճարելով «շահույթի» տեսքով: Խաբված ներդրողների ցուցակում եղել են ոչ միայն ԱՄՆ ամենահարուստ քաղաքացիներն ու հայտնի մարդիկ, այլեւ աշխարհի խոշորագույն բանկերը:

Դատարանի վճռի համաձայն, նա պարտավոր էր գրեթե 171 միլիարդ դոլար փոխհատուցում վերադարձնել տուժածներին, բայց դաշնային իշխանություններին հաջողվել է միայն 4 միլիարդ դոլարից փոքր-ինչ ավելի ակտիվներ գտնել: Մեդոֆի գրեթե 65 միլիարդ դոլար վնասով խաբեությունը համարվում է պատմության մեջ ամենամեծը: