Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն այսօ`ր հունիսի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանների ու քաղաքապետարանների պատասխանատուների հետ, որին  մասնակցել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են 5-րդ համահայկական խաղերի  նախապատրաստական աշխատանքների հետ կապված խնդիրներ:

Ի. Զաքարյանը տեղեկացրել է, որ օգոստոսի 13-ից 21-ը կայանալիք 5-րդ համահայկական խաղերին ներկայացված է 10-ը մարզաձեւ:

Կոմիտեի նախագահը ՏԻՄ ներկայացուցիչներին ներկայացրել է նախորդ չորս խաղերի մասնակից քաղաքաների ընդգրկվածության  դինամիկան եւ հորդորել է 5-րդ հոբելյանական խաղերին բարձրացնել մասնակցության ցուցանիշը:  Զաքարյանը շեշտել է, որ այս խաղերի գերնպատակը Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդումն ու աշխարհասփյուռ հայության համախմբումն է: 

Ողջունելով հայաստանյան 48 մասնակից քաղաքների քաղաքապետերին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի  նախարար Արթուր Պետրոսյանը շեշտել է, որ  անկախ սպորտում ցուցաբերած արդյունքներից այս խաղերում խիստ կարեւոր է մասնակցությունը:

ՏԻՄ  պատասխանատուները իրենց հերթին խոստացել են լինել ակտիվ եւ մեծացնել մասնակիցների թիվը: