Ղրղըզստանում բժիշկները կորոնավիրուսի բուժման համար ակոնիտի թուրմ են օգտագործում, որը երկրում «իսիկ-կուլի արմատ» են կոչում: Այս մասին հայտնում է 24.kg գործակալությունը՝ վկայակոչելով Ղրղզստանի առողջապահության նախարարության ղեկավար Ալիմկադիր Բեյշենալիեւին:

Ակոնիտը թունավոր բույս է, որը տարածված է Կենտրոնական Ասիայում, դրանից արդյունահանվող ալկալոիդ ակոնիտի օգտագործումը կարող է մահացու ելքի հանգեցնել:

«Ես ինքս եմ պատրաստում թուրմը: Առողջությանը վնաս չի պատճառվում: Պետք է տաք-տաք խմել, երկու-երեք օրում ՊՇՌ թեստի դրական արդյունքն անհետանում է, եւ մարդն անմիջապես իրեն ավելի լավ է զգում»,- ասել է նախարարը՝ թուրմը համեմատելով խխահանի հետ: Նա շեշտել է, որ բժիշկները տաք վիճակում են թուրմը տալիս հիվանդներին եւ հետևում են, թե ինչպես է այն օգտագործվում:

Ըստ Բեյշենալիեւի՝ արդեն 2020-ի աշնանը հանրապետությունում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի ժամանակ տեղական բժիշկները դիմում էին «իսիկ-կուլի արմատին», «բայց չէին ասում այդ մասին»: Ընդ որում, նախարարը հավելել է, որ թուրմի օգտակարությունն արդեն ապացուցված է: