Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր մուտանտի շտամ է հայտնաբերվել, այն կարող է ավելի վարակիչ լինել եւ պակաս ենթակվել պատվաստանյութերի ազդեցությանը, քան բրազիլական եւ հարավաֆրիկյան տարբերակները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հանրային առողջության պահպանման վարչությունը «դիտարկվող տարբերակի» կարգավիճակ է տվել կորոնավիրուսի նոր շտամին: Տարբերակը, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում, մի քանի մուտացիա ունի... Վարչությունը 77 դեպք է գրանցել Մեծ Բրիտանիայում, եւ ձեռնարկվելու են բոլոր առողջապահական միջոցառումները, այդ թվում շփումների ուժեղացված հայտնաբերում է ապահովվելու»,- ասված է վարչության հայտարարության մեջ:

Ըստ Արեւելյան Անգլիայի համալսարանի բժշկության պրոֆեսոր Փոլ Հանթերի՝ վիրուսի նոր շտամում երկու սպիտակուցային մուտացիա կա, որոնք կարող են մեծ խնդիրներ ստեղծել:

«Այն կարող է նույնիսկ պակաս վերահսկելի լինել բրազիլական եւ հարավաֆրիկյան տարբերակների համեմատ»,- լրագրողներին ասել է փորձագետը: