Չեռնոբիլից հետո աշխարհում ամենավատ միջուկային աղետը կանխատեսող փորձագետը եւս մեկ կանխատեսում է արել:
«Շատ մեծ հավանականություն կա, որ Ճապոնիայում եւս մեկ միջուկային աղետ կլինի, չի կարելի վստահել այն ընկերությանը, որը շահագործում է երկրի ամենամեծ ատոմակայանը»,- The Daily Beast-ին հայտարարել է միջուկային ինժեներ Տոշիո Կիմուրան, ով կանխատեսել էր 2011թ. միջուկային աղետը՝ դրա ծագումից դեռեւս վեց տարի առաջ։
Tokyo Electric Power Company Holdings (TEPCO) ընկերությունը, որի մասին նա խոսում է, իր նախկին գործատուն է: Այն շահագործել է «Ֆուկուսիմա» ատոմակայանը, որը տուժել էր 2011-ի մարտին տեղի ունեցած հսկայական երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով։ Ռեակտորները հեղեղվել էին՝ ճառագայթման մահացու արտանետումների եւ 160 000 մարդու հարկադրված տարհանման պատճառ դառնալով։
Դեպքից մեկ տարի անց հետաքննությունը եզրակացրել էր, որ «թեեւ աղետը հրահրված էր այս արտակարգ իրադարձություններով», այն կարող է վերագրվել «բազմաթիվ սխալների եւ դիտավորյալ անփութության, որոնք հանգեցրել են նրան, որ «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ը պատրաստ չէր նման իրադարձությունների»:
«Սա պարզապես մեկ այլ օրինակ է, թե ինչպես է այս ընկերությունը կոծկում իրավախախտումները, եւ նրանք միշտ են դա անում: Կարելի է միայն ասել, որ TEPCO-ն որեւէ կերպ որակավորված չէ որպես ատոմակայան շահագործելու համար»,- ասել է Կիմուրան:
2005-ին ընկերությունից հեռանալուց հետո Կիմուրան հոդվածում գրել էր, որ «եթե [Ֆուկուսիմա] ատոմակայանին ցունամի սպառնա, պոմպերը ծովային ջուրը կօգտագործեն որպես հովացուցիչ, եւ էներգիայի վթարային աղբյուրը, ամենայն հավանականությամբ, կանջատվի: Արդյունքում ռեակտորի միջուկը կհալվի»: Նրա կանխատեսումը կատարվեց 2011-ին:
Կիմուրայի նոր՝ «Ինչպես միջուկային էներգիան կկործանի ազգին» գրքում, նա նշում է, որ TEPCO-ի մշտական կոծկումները հանգեցրել են միջուկային անվտանգության սկզբունքորեն սխալ նորմերի: Այժմ ակնհայտ է, որ Ճապոնիայի միջուկային հեղինակությունները համաձայն են նրա հետ:




























