Samsung-ը կներկայացնի ուժեղացված կորպուսով սմարթֆոն, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով LetsGoDigital-ին:

Լրագրողները ցանցում հայտնաբերել են Armor Frame նոր ապրանքային նշանի գրանցման հղումներ: Ընկերությունը ապրանքանշան է գրանցել ինչպես հարավկորեական կարգավորող KIPO-ում, այնպես էլ Եվրոպական արտոնագրային գերատեսչությունում (EUIPO) եւ Միացյալ Նահանգների արտոնագրերի ու ապրանքանշանների գերատեսչությունում (USPTO): Ապրանքանշանը վերաբերում է «սմարթֆոններ» կատեգորիային:

Գյուտի հեղինակները չեն հստակեցնում, թե ինչ նյութից կպատրաստվի «զրահապատ շրջանակը»։ Լրագրողները ենթադրում են, որ ուժեղացված կողային շրջանակը նախատեսված է ծալվող սմարթֆոնների համար, ինչը թույլ կտա մեծացնել դրանց ամրությունը: Պլաստիկ եւ մետաղական շրջանակները, որոնք օգտագործվում են հեռախոսների ստեղծման ժամանակ, դիմացկուն չեն՝ առաջինները ֆիզիկական շփման ժամանակ ճաքում ու կոտրվում են, երկրորդները պահպանում է իրենց ձեւը, բայց բազմաթիվ քերծվածքներ են հավաքում:

Բացի այդ, լրագրողները կարծում են, որ սմարթֆոնների զրահը կտարբերվի մեծ հարվածադիմացկունությամբ եւ MIL-STD-810G ռազմական վկայագիր կստանա: Փորձագետները ենթադրում են, որ շրջանակը կպատրաստվի ածխածնի համաձուլվածքից կամ տիտանից: Վերջին նյութը ավելի թանկ է, քան ալյումինը կամ պողպատը, բայց ավելի թեթեւ եւ ամուր է:

Ակնկալվում է, որ Samsung-ը օգոստոսին կթողարկի Galaxy Z Flip 3 եւ Galaxy Z Fold 3 ծալվող սմարթֆոնները: Զեկույցում ասվում է, որ Armor Frame-ը կարող է օգտագործվել երկու մոդելներում էլ: Samsung-ի ներկայիս ծալվող սարքերը ունեն UTG (Ultra Thin Glass) ապակի, որը հեռախոսի էկրանները պաշտպանում է քերծվածքներից: